‘ՄԻՊ-ը պարզաբանել է ԴԱՀԿ աշխատակիցների գործողությունների թերացումները’

910

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է պարզաբանել ԴԱՀԿ աշխատակիցների գործողությունների թերացումները: Ամբողջական հայտարարությունը կարող եք ընթերցել ստորեւ.

Չնայած այն հանգամանքին, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արդեն երկու անգամ պատասխանել է Օմբուդսմենի հաղորդագրություններին, այդուհանդերձ, պատասխանների մեջ չի նշվել ոչ մի հստակ հակափաստարկ: Իսկ իրողությունը հետևյալն է՝ Դիմումի քննարկման շրջանակներում, ի թիվս այլ տեղեկությունների, ԴԱՀԿ ծառայության կողմից հայտնվել են, որ.

• 25.06.2010թ. որոշում է կայացվել հայցի ապահովման վերաբերյալ կատարողական վարույթն ավարտելու մասին և նույն օրը կատարողական վարույթը վերսկսվել է թիվ 01/04-1936/10 համարի տակ: 09.06.2011թ. արգելանք է կիրառվել պարտապանին պատկանող կենցաղային գույքերի վրա ընդհանուր 400 000 ՀՀ դրամ արժողությամբ:

• «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և <> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետով` 03.11.2011թ. որոշում է կայացվել կատարողական վարույթը 60-օրյա ժամկետով կասեցնելու մասին:

• 09.01.2012թ. կատարողական վարույթը վերսկսվել և գույքը ներկայացվել է ուղղակի վաճառքի, սակայն պարտապանը ԴԱՀԿ ծառայություն հայտարարություն է տվել այն մասին, որ իր որդու կողմից արգելադրված գույքը վաճառվել է: Մարմնի հայտնած տեղեկությունների, Պաշտպանի հարցմանն ի պատասխան ուղարկված կատարողական վարույթի նյութերի ուսումնասիրություններից և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքից ելնելով` հայտնում ենք, որ.

• ԴԱՀԿ ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետի 05.02.2013թ. թիվ 254 գրությամբ, ինչպես նաև կատարողական վարույթը կասեցնելու մասին հարկադիր կատարողի 03.11.2011թ. կայացված որոշմամբ նշված է, որ պահանջատիրոջ մասով հարուցված թիվ 01/04-1936/10 կատարողական վարույթի շրջանակներում պարզվել է, որ կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է կիրառվել պարտապանին պատկանող 400.000 դրամ արժողությամբ գույքի վրա:

• Առանց գույքի վրա բռնագանձում տարածելու /որը կատարվում է գույքի վրա արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով/ հարկադիր կատարողը կասեցրել է կատարողական վարույթը 60-օրյա ժամկետում:

• Իսկ երբ արդեն վերսկսվել է գործի վարույթը և կայացվել գույքի ուղղակի վաճառքի մասին որոշում, նշված գույքն արդեն գողացված է եղել: Ընդ որում պետք է նշել, որ ըստ օրենքի` գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացվում է գույքագրման ժամանակ, ինչը տեղի չի ունեցել:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ պահանջատիրոջ բռնագանձման կատարողական վարույթի նյութերից բխում է, որ տվյալ գործի շրջանակներում իրականացված կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է կիրառվել պարտապանի գույքի վրա, սակայն պարտատիրոջը չի ծանուցվել գույքագրում կատարելու մասին:

Հատկանշական է նաև այն, որ առանց գույքի վրա բռնագանձում տարածելու /որը կատարվում է գույքի վրա արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով/, հարկադիր կատարողը գտել է, որ առկա են գործի վարույթը սնանկության հատկանիշներով կասեցնելու հիմքեր, և այն երկամսյա ժամկետով կասեցրել է: Իսկ երբ արդեն գործի վարույթը վերսկսվել է և կայացվել է գույքի ուղղակի վաճառքի մասին որոշում, այն արդեն գողացված է եղել:Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը պետք է կայացվեր հենց գույքագրման ժամանակ:

ԴԱՀԿ ծառայության կողմից ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունները և Պաշտպանին տրված պարզաբանումներն ու կատարողական վարույթի նյութերը հակասում են միմյանց: Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, երբ ԴԱՀԿ ծառայությունը կատարել կամ չի կատարել գույքագրում, ծանուցում, բայց կայացրել է արդեն գողացված գույքի վերաբերյալ ուղղակի վաճառքի մասին որոշում: Հավելենք միայն, որ կշարունակենք պարզաբանել խնդիրը որքան անհրաժեշտ է, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի:

Նախորդ հոդվածը‘Ա. Զոհրաբյան. պետք է գործել առանց սխալվելու իրավունքի, ինչպես սակրավորը, քանի որ ականը Հայաստանի տակ է’
Հաջորդ հոդվածը‘Ցույցեր Խարկովում. «Պուտի՛ն, հեռացիր»’