‘ՄԻՊ-ը վիճարկում է ՊԵԿ-ի լիազորությունը’

774

Հունվարի 30-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը: Կարեն Անդրեասյանը վիճարկում է «Հարկերի մասին» օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ պարբերությունների սահմանադրականությունը:

ՄԻՊ-ը, մասնավորապես, հակասահմանադրական է համարում ՊԵԿ-ի կողմից հարկատուների գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը, հայտնում է Փաստինֆոն

Ըստ դիմումատուի, այսօր ՊԵԿ-ը գործարարների, անհատ ձեռներեցների և այլ հարկատուների կողմից չկատարված հարկերի չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ հրապարակել վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր: Այսինքն` հարկատուի դրամական միջոցների կամ սեփականության վրա կալանք է դրվում:

Պաշտպանն ընդգծում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին։ Վիճարկվող հոդվածը նախատեսում է, որ գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Այսինքն՝ հոդվածը նախատեսում է անձի սեփականության իրավունքի սահմանափակում` հարկային մարմնի կողմից անձի գույքի վրա արգելանք դնելու միջոցով: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

Կարեն Անդրեասյանի պնդմամբ, «սեփականությունից զրկել» դրույթը իր մեջ ներառում է նաև անձի սեփականության իրավունքի ոչ միայն դադարում, այլև այնպիսի սահմանափակում, որի արդյունքում սեփականատերը զրկվում է իրեն պատկանող օբյեկտն իր հայեցողությամբ տիրապետելու, ըստ նշանակության օգտագործելու և այն տնօրինելու հնարավորությունից:

Նախորդ հոդվածը‘«Բանակն իրականում» նախաձեռնությունը զոհված զինծառայողների անունից խորհրդանշական բացիկներ է ուղարկել պաշտոնյաներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մյասնիկ Մալխասյան. Ամեն ինչ պիտի արվի, որ հայոց բանակում բացասական երևույթները նվազագույնի հասցվեն’