‘ՄԻՊ-ի գրասենյակը ՏԻՄ ընտրությունների հետ կապված տասնյակ ահազանգեր է ստացել ‘

5682

Սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաեւ մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։

Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երեւանյան եւ մարզային գրասենյակները ստացել են 37 ահազանգ։

Շիրակի մարզ՝ 11 ահազանգ, 8 արագ արձագանքում:

Լոռու մարզ՝ 25 ահազանգ, 7 արագ արձագանքում:

Սյունիքի մարզ՝ 1 ահազանգ:

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետեւյալ ընտրախախտումներին՝ ընտրողների անձնագրերում դրված դրոշմակնիքների սահմանված ժամկետից շուտ անհետացման կամ ընդհանրապես չանհետացման (5 ահազանգ), ընտրությունների ընթացքում անձանց կողմից ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտում (3 ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելու (7 ահազանգ), ընտրակաշառքի բաժանման կամ ընտրակաշառքի խոստումների (1 ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (2 ահազանգ), տեղամասային կենտրոնների դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումների եւ ընտրական քարոզչության իրականացման (15 ահազանգ) եւ այլ դեպքեր (4 ահազանգ)։

Վերոնշյալ խնդիրները հանդիպել էին նաեւ 2012թ-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ, որոնց Պաշտպանը մանրամասնորեն անդրադարձել էր իր արտահերթ զեկույցում եւ առաջարկել խնդիրների համակարգային լուծումներ։

Ստացված ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ։

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն Մասիսում կպահանջի ձայների վերահաշվարկ ‘
Հաջորդ հոդվածը‘Դատարանը չվերադարձրեց Սոբչակի 1,4 մլն դոլարը’