‘ՄԻՊ. Չինովնիկների պաշտոնական կամ պատվիրովի հարձակումները չեն կարող լռեցնել մեզ’

1258

«Առանձին գերատեսչությունների կողմից Օմբուդսմենի զեկույցին հակադարձումները արվում են երկու մեթոդով՝ պաշտոնական արձագանք և պատվիրված հոդվածներ ու գրառումներ մամուլում և սոցցանցերում: Պատվիրված հոդվածներին և գրառումներին չենք էլ ցանկանում անդրադառնալ», — iLur.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես կարելի է գնահատել տարբեր գերատեսչությունների աշխատանքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների հարուցած բուռն արձագանքը, ՄԻՊ ասաց մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:

Նշենք, որ վերջերս, մասնավորապես, ոստիկանության, արդարադատության նախարարության աշխատանքները գնահատող՝ ՄԻՊ զեկույցներն այդ գերատեսչությունների կողմից բուռն, երբեմն՝ զգացմունքային արձագանքներ հետեւեցին: Իսկ այսօր, լրագորղների հետ հանդիպմանը, մեկնաբանելով ՄԻՊ զեկույցը ՏՄՊՊՀ վերաբերյալ, Հանրձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել էր, թե այն «տարօրինակ է» եւ հիմնված չէ փաստերի վրա:

Ինչ վերաբերում է պաշտոնական արձագանքներինին, ապա, ըստ Նաիրա Կարմիրշալյանի,  իրենց ելույթներում վրդովված իշխանավորները անընդհատ փաստեր և ապացույցներ են պահանջում, «ինչը զավեշտալի է, որովհետև աշխարհի ոչ մի իրավապաշտպան կառույց հետախուզական կամ ոստիկանական մարմին չէ, որպեսզի իր զեկույցներից հետո մարդիկ կալանավորվեն»:

«Օմբուդսմենների զեկույցները բոլոր երկրներում տալիս են ընդհանուր համակարգային բացերը, իսկ պետական մարմինները ոչ թե գնահատում են այդ զեկույցները, այլ բարելավում են իրենց աշխատանքը: Միայն կարող ենք ասել, որ առանձին չինովնիկների պաշտոնական կամ պատվիրովի հարձակումները չեն կարող լռեցնել մեզ և Օմբուդսմենի զեկույցից հանել իշխանավորների համար անցանկալի քննադատությունը: Հուսանք, գիտակից հասարակությունը ակտիվ և օբյեկտիվ կգնահատի մեր՝ առանձին իշխանավորների հետ այս ծանր հակամարտությունը,  և նույնիսկ եթե մեզ չի օգնում, ապա գոնե չի նպաստի, որ առանձին իշխանավորներ իրենց ինքնաբավ անգործության մեջ շարունակեն պարտակել սեփական թերությունները», — ասաց ՄԻՊ խոսնակը:

Նա նշեց նաեւ, որ Պաշտպանի զեկույցի համար տեղեկատվությունը հավաքվում է ամբողջ տարվա ընթացքում և մշակվում է՝ հիմնվելով մի շարք աղբյուրների վրա՝ Պաշտպանի աշխատակազմին ուղղված բողոքներ, մամուլում տեղադրված արժանահավատ և չհերքված տեղեկատվություն, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ադյունքում ստացված տեղեկատվություն, Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներ: «Հաշվի առնելով այս ամենը՝ չեմ կարծում, որ կարելի է եզրակացնել, թե Պաշտպանի զեկույցները հապշտապ են մշակված», — եզրափակեց Նաիրա Կարմիրշալյանը:

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանում սպորտային խաղերի ժամանակ խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Ավարտվել է «Հարսնաքարի գործով» գրավոր նյութերի հետազոտումը’