‘Միջազգային դատարանը հաստատել է Լիբերիայի նախկին նախագահի դատավճիռը’

805

Սիեռա-Լեոնեի գործերով միջազգային դատարանի վերաքննիչ կոլեգիան ուժի մեջ է թողել Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորի նկատմամբ կայացված դատավճիռը՝ իր իշխանության օրոք կատարված ռազմական հանցագործությունների համար, փոխանցում է Reuters-ը: Նախկին նախագահը պատիժը կկրի Լիբերիայի սահմաններից դուրս: Բանտում նրա համար արդեն տեղ են առաջարկել Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Ռուանդան, հաղորդում է BBC News-ը: Ենթադրվում է, որ նախկին նախագահի տեղափոխության համար մեկ շաբաթ անհրաժեշտ կլինի:

Չարլզ Թեյլորի դատավճիռը, որը բողոքարկել էին նրա փաստաբանները, կայացվել է 2012 թ. մայիսի 30-ին: Նրան դատապարտել էին 50 տարվա ազատազրկման: Դատավճիռը բողոքարկել էր նաև դատախազությունը՝ այն որակելով չափազանց մեղմ և պահանջելով 80 տարվա ազատազրկում:

Դատարանն ապացուցված էր համարել, որ նախկին նախագահը, իշխանության ղեկին գտնվելով, մասնակցել է մի շարք հանցագործությունների (ահաբեկչական գործողություններ, սպանություններ, բռնաբարություններ, ստրկական աշխատանքի հարկադրում, անձի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելը և այլն) նախապատրաստմանը, ինչպես նաև աջակցել է Սիեռա-Լեոնեի «Միացյալ հեղափոխական ճակատ» խմբավորման գրոհայիններին՝ նրանց զենք է մատակարարել՝ Սիեռա-Լեոնեի ալմաստի հանքավայրերից անձնական շահույթ ստանալու դիմաց:

Սիեռա-Լեոնեի գծով Միջազգային դատարանը հիմնադրվել է այդ երկրի կառավարության և ՄԱԿ-ի կողմից՝ պատժելու համար Սիեռա-Լեոնեում 1991-2002 թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների մեղավորներին: Թեյլորը Լիբերիան ղեկավարել է 1997-2003 թթ.: Հարկադրական հրաժարականից հետո նա փախել էր Նիգերիա, որտեղից նրան 2006 թ. հանձնեցին Հաագայի միջազգային դատարանին: Թեյլորը պետության առաջին նախկին նախագահն է, որը 1945 թ. հետո դատապարտվեց միջազգային դատարանի կողմից, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը հոկտեմբերի 5-ից ավելի ուշադիր է լինելու «տեխօսմոտրի» նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Մանրամասներ ազատամարտիկների և Կոնգրեսի փոխնախագահների հանդիպումից’