‘Միջազգային կազմակերպությունների հայտարարությունը՝ Արամ Մանուկյանի դեմ հարձակման կապակցությամբ’

1920

Միջազգային մի քանի կազմակերպությունների նախագահներ հայտարարություն են տարածել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակման վերաբերյալ:

Հայտարարությունում մասնավորապես ասված է.

Մի քանի օր տևած բուժումից հետո պարոն Մանուկյանը դեռևս գտնվում է հիվանդանոցում: Այս հարձակմանը նախորդել է հայկական ընդդիմության դեմ իրականացված հարձակումների մի շարք:

Որպես համաշխարհային և եվրոպական լիբերալ կազմակերպությունների ղեկավարներ (Լիբերալ ինտերնացիոնալ, IFLRY՝ Երիտասարդ ազատականների միջազգային ֆեդերացիա, և ԵԽԽՎ ALDE խմբակցություն) մենք ամենայն խստությամբ դատապարտում ենք այս ֆիզիկական բռնութունը ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկի նկատմամբ՝ հայտարարելով.

Մենք համատեղ հիշեցնում ենք, որ այդ միջադեպը քաղաքական բռնության եզակի դեպք չէ: Դա ավտորիտարիզմի պետական քաղաքականության հետևանք է, որը հակոտնյա է այն պարտավորություններին, որոնք երկիրը ստանձնել է որպես Եվրոպայի խորհրդի անդամ:

Մենք միջազգային կառույցներին, այդ թվում Եվրոպայի Խորհրդին, Եվրամիությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդին, փաստերով տեղեկացնելու ենք հայկական ընդդիմության նկատմամբ կիրառվող ճնշումների մասին, որոնք չեն կարող մնալ անհետևանք:

Հայաստանյան ռեժիմը պետք է դադարեցնի ոգեշնչվել ադրբեջանական քաղաքական համակարգից, եւ պետք է շարժվի Հայաստանը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության երկիր դարձնելու ուղղությամբ:

Հենց այսպիսի դեպքերում էլ մենք հիշում ենք հայկական ընդդիմության խիզախ գործիչներին, այնպիսին, ինչպիսին պարոն Մանուկյանն է, ով իր երկրում պայքարում է համընդհանուր ազատական արժեքների համար: Մենք անհամբերությամբ նորից ակնկալում ենք տեսնել Մանուկյանի վերադարձը իր ընտանիքի մոտ, խորհրդարան և մեզ մոտ՝ մեր միջազգային քաղաքական կազմակերպությունների հանդիպումներին:

Այժմ մեր մտքերը պարոն Մանուկյանի և նրա ընտանիքի անդամների հետ են: Մենք մաղթում ենք նրան շուտափույթ և ամբողջական ապաքինում: Մենք նրա ընտանիքին ամրություն ենք մաղթում, նրա քաղաքական գործընկերներին՝ միասնություն և համառություն:

 

Դոկտոր Ջուլի Մինովես՝ Միջազգային լիբերալների նախագահ

Քրիսթիան Շչարլինգ՝ Երիտասարդ ազատականների միջազգային ֆեդերացիայի նախագահ

Խորդի Խուցլա՝ ԵԽԽՎ ALDE խմբի ղեկավար

Նախորդ հոդվածը‘Ֆիոլոտեվոյում գյուղացիները բողոքում են Ոսկու հանքի շահագործման դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ‘