‘Միջազգային հանրության արձագանքը Վրաստանի խորհրդարանական ընտրություններին’

1101

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Եվրամիության անունից շնորհավորել են «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակը։ Այդ մասին ասել է Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը` պատասխանելով Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին։

Կոսիյանչիչը նշել է, որ թե՛ պատասխանատու կառավարությունը և թե՛ կառուցողական ընդդիմությունը կարևոր դերակատարություն ունեն Վրաստանի հանրության ժողովրդավարության համար։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքերով` Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր դաշինքի հաջողությունը ցույց է տալիս, որ ժողովուրդը ձգտում է փոփոխությունների։ Մեդվեդևը ասել է, որ ընտրությունների արդյունքում Վրաստանում քաղաքական դաշտը ավելի բազմազան է դառնում, և նշել է, որ Ռուսաստանի իշխող կուսակցությունը` «Եդինայա Ռոսիա»-ն, պատրաստ է երկխոսության ռուս — վրացական հարաբերությունների շուրջ։

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Նոլանդը, մինչդեռ, շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երկրում ժողովրդավարության հասունացման ևս մեկ կարևոր փուլի համար։  Դեսպանը նաև ողջունել է «Վրացական երազանք»-ի հաջողությունը։

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը շնորհավորել է Վրաստանի ժողովրդին ու իշխանություններին ազատ և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար։ Նա նշել է, որ նախնական արդյունքները պաշտոնապես հաստատվելու դեպքում Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունը կփոխանցվի ժողովրդավարական ճանապարհով։

Բիձինա Իվանիշվիլին իր գլխավորած «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո հայտարարել է, թե ներկայիս կառավարության ոչ մի անդամ, նույնիսկ` փոխնախարարները, առաջիկայում ձևավորվելիք կառավարության կազմում չեն լինի։ Իսկ Սաակաշվիլիին նա կոչ է արել հրաժարական տալ և նախագահական արտահերթ ընտրություններ նշանակել։

Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի հոկտեմբերի 20-ին։

Նախորդ հոդվածը‘Շուտով աշխարհի տարեց մարդկանց թիվը կգերազանցի երեխաների թվին’
Հաջորդ հոդվածը‘Թվով չորրորդ պայթյունը Հալեպում’