‘Միջազգային ճգնաժամային խումբ. ԼՂ հակամարտությահ գոտում լարվածությունը մեծանում է սպառազինությունների աճի ֆոնին’

843

Մոլորակի մի շարք շրջաններում փորձագետները կացության վատթարացում են արձանագրել։ Այդպես է, մասնավորապես, Եգիպտոսում, Վրաստանում, Լիբանանում, Սոմալիում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։

ԼՂ հակամարտության գոտում լարվածությունն ընթանում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին զուգահեռ։

Հունիսի 19-ին Ադրբեջանը հայտնել է Ռուսաստանից մեկ միլիարդ դոլարի զինատեսակներ ստանալու գործարքի մասին։ Ռուսներն ադրբեջանցիներին տրամադրում են T-90 տանկեր, արդիական հրետանային և հրթիռային համակարգեր։

Նախագահ Իլհամ Ալիևի հրամանատարությամբ Բաքվում հունիսի 26-ին տեղի է ունեցել զորահանդես, որի ընթացքում ցուցադրվել են նոր զինատեսակներից մի քանիսը, դրանց թվում՝ անօդաչու սարքերը, իսկ քաղաքի վրայով են անցել կործանիչները։

Ալիևը հերթական անգամ վստահեցրել է իր զինվորներին և զորահանդեսին հետևող հայրենակիցներին ու արտասահմանցիներին, թե Ադրբեջանի զինված ուժերը հարկ եղած դեպքում պատրաստ են հսկողության տակ առնել ոչ միայն հայերի գրաված շրջանները, այլև բուն հայկական տարածքները։

Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբանների փոխանցմամբ, ի պատասխան Բաքվի կողմից ուժի ցուցադրության՝ Հայաստանի պաշտպանության նախարարության մի անանուն պաշտոնյա ասել է, որ հայկական ուժերի տրամադրության տակ կան հեռահար հարձակողական համակարգեր, որոնք կարող են ոչնչացնել ցանկացած թիրախ Ադրբեջանի տարածքում։

Վերլուծաբանները նշում են, թե առայժմ հասկանալի չէ` խոսքը ռուսների կողմից հայերին փոխանցված զենքի՞ մասին է, թե՞ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական զորքին պատկանող զինատեսակի։

Հունիսի 26-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այցելել է Երևան և հավաստիացրել, որ ռուսական կողմը վերազինելու է 102-րդ ռազմակայանն ու սատարելու է Հայաստանին։

Մինչդեռ, հայ — ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումները չեն դադարում։ Հակամարտությունների գծով ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Անդրիյ Դեշչիցյան հունիսի 12-ին նախազգուշացրել է, որ հայ — ադրբեջանական լարվածությունը հասել է պայթյունավտանգ սահմանի։

Միջազգային հանրությունը մտահոգություն է արտահայտում նաև Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի հնարավոր վերագործարկման առիթով, նշելով, որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Բացի այդ, Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում նշվում է, որ երկու կողմերի ղեկավարները վաղուց չեն հանդիպել և չեն դրսևորում կացության թուլացման նպատակով մի նոր երկկողմ հանդիպում անցկացնելու ցանկություն։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները ափսոսանք են հայտնել բանակցային գործընթացի փակուղային վիճակի առիթով և հակամարտող կողմերին հորդորել են ակտիվացնել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։

«Ազատություն» ռադիոկայան

Նախորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարարը 100 միլիոնով զուգարան չէր գնի’
Հաջորդ հոդվածը‘Գ. Մակարյան. Գործազուրկների տոկոսն իջել է, քանի որ գործազուրկները արտագաղթել են’