Միջազգային քրեական դատարանի պոտենցիալ «բութ գործիքը». ՉԻ

613

Եվ այսպես, Ռուսաստանը բաց տեքստով սպառնում է Հայաստանին՝ պետական լրատվական գործակալության միջոցով հայտարարելով, թե «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երևանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու ծրագրերը Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և օրինականորեն անվավեր «օրդերների» ֆոնին»։ Ավելին՝ ՌԴ արտգործնախարարության աղբյուրը հայտնում է, թե հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։

Ի՞նչ է տեղի ունենում։ Բանն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը որոշել է անդամակցել ՄՔԴ-ին՝ հույս ունենալով, որ դա հնարավորություն կտա Ադրբեջանին մեղադրել պատերազմական հանցագործությունների մեջ, բայց մեր Սահմանադրական դատարանն անընդհատ ձգձգել է Հռոմի ստատուտի՝ ՀՀ Սահմանադրությանը համահունչ լինելու մասին որոշման ընդունումը։ Այնքան է ձգձգել, մինչև մարտի 17-ին ՄՔԴ-ն Պուտինին ձերբակալելու «օրդեր» է տվել։ Դրանից հետո ՀՀ իշխանությունները, եթե անգամ մինչ այդ «վճռականորեն» որոշել էին անդամակցել ՄՔԴ-ին, բնականաբար՝ պիտի գոնե ժամանակավորապես արգելակեին գործընթացը, բայց ավելի խելացի բան չմտածելով՝ որոշել են մարտի 24-ին այնուամենայնիվ «շարունակել ընթացքը»։ Արդյունքում՝ Ռուսաստանը շատ կոշտ սպառնալիքներ է հնչեցնում, Հայաստանի մերձիշխանական շրջանակներից էլ բողոքում են, թե Ռուսաստանը փորձում է միջամտել մեր ներքին գործերին։

Զուտ ձևականորեն ՄՔԴ-ին միանալը գուցեև իսկապես Հայաստանի ներքին գործն է, բայց դրա արդյունքում մեր ստանձնելիք պարտավորությունները, օրինակ՝ Պուտինին ձերբակալելը, համաձայնվեք, այնքան էլ «մեր ներքին գործը» չէ, հետևանքներն էլ հաստատ «ներքաղաքական» չեն լինի։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Հայաստանը հայտնվել է բավականին հիմար վիճակում և ըստ էության միայն մի ելք ունի՝ անընդհատ ձգձգել այդ հարցի վավերացումն Ազգային ժողովում։ Ու թվում է՝ Հայաստանի որևէ ողջամիտ իշխանություն, նման վիճակում հայտնվելով, այլ տարբերակի մասին չի էլ մտածի։ Բայց այս պնդման մեջ առանցքայինը «ողջամիտ» բառն է, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է բոլորովին այլ տարբերակ ընտրել։ Նա, սովորության համաձայն, կփորձի «գեղցու շուստրիությամբ» օգտվել ստեղծված իրավիճակից, և ամենայն հավանականությամբ՝ կվարվի մոտավորապես այսպես․ ԱԺ-ում կվավերացնի Հռոմի ստատուտը (և կփորձի միջազգային հանրությանը դա «վաճառել» որպես ռուսական ազդեցությունից պոկվելու խիզախ քայլ, որի դիմաց «քաղաքակիրթ աշխարհը» պիտի պաշտպանի իրեն ու իր իշխանությունը), իսկ Ռուսաստանին ներքին խողովակներով կտեղեկացնի, որ ՄՔԴ-ին միանալը կապ չունի՝ ինքը հո հիմար չի՞, որ փորձի կալանավորել «ուվաժայեմի Վլադիմիր Վլադիմիրովիչին», և կփորձի իր այդ որոշումը ռուսներին «վաճառել» որպես բացառիկ մեծահոգություն ու հավատարմության ապացույց։ Հասկանալի է, որ արդյունքը կլինի այնպիսին, ինչպիսին սովորաբար լինում է «սատանի մայլում միանգամից երկու պարանի վրա քյանդրբազություն անելու» գավառամիտ փորձերի դեպքում․ միջազգային հանրությունը սանկցիաներ կկիրառի՝ Հռոմի ստատուտին միանալու, բայց ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, իսկ Ռուսաստանն այնպես «կմիջամտի Հայաստանի ներքին գործերին», որ Հայաստանից լավագույն դեպքում Հոռոմ գյուղը կմնա։ Բայց անձամբ Նիկոլին այդ ամենը հազիվ թե մտահոգի։ Նրա համար կարևորը պաշտոնանկությունից հետո «քաղաքակիրթ աշխարհում» հուսալի ապաստան ունենալն է։

Մինչդեռ այս իրավիճակում չհայտնվելու համար ընդամենը մի բան էր պետք՝ քթի ծակ ունենալ և մարտի 17-ից հետո ինչ-որ պատճառաբանություններով անընդհատ ձգձգել ՍԴ որոշման ընդունումը։ Բայց իշխանությունները երևի ավելի կարևոր հարցերի վրա էին կենտրոնացած, կամ էլ՝ «քթածակերն» այլ նպատակներով էին կիրառում։

Մարկ Նշանյան

4rd.am

Նախորդ հոդվածըՀայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԵվրո-2024․ Թուրքիան պարտվեց Խորվաթիային, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)