‘Միրչա Լուչեսկու. Ներողություն եմ խնդրում Ադրիանոյի գոլի համար’

1048

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում դանիական «Նորդշելանդի» հետ հանդիպումից հետո (5:2), Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն անդրադարձել է հանդիպմանը, եւ մասնավորապես` Լուիս Ադրիանոյի ամոթալի գոլին, որը նա խփեց ֆեյր-փլեյի կանոններին հակառակ:

«Առաջին հերթին, ցանկանում եմ ներողություն խնդրել Ադրիանոյի գոլի համար, որի շուրջ այսքան խոսակցություն եղավ: Այդ դրվագի սկիզբը ես չէի տեսել, որովհետեւ շրջվել էի դեպի պահեստայինների նստարանը: Տեսա միայն, որ Ադրիանոն ընդունեց գնդակն ու գոլ խփեց: Նա ինձ ասաց. «Ես տեսա գնդակն իմ ոտքերի մոտ, գործեց հարձակվողի բնազդը, եւ ես հարվածեցի»:

Դրանից հետո մենք ցանկանում էինք մրցակցին գոլ խփելու հնարավորություն տալ, սակայն Ստեպանենկոն խանգարեց դա անել: Եվ սկսվեց կոշտ պայքար, որտեղ մենք զիջում էինք: «Նորդշելանդը» խփեց երկրորդ գնդակը եւ դա արդարացի էր:

Միայն երկրորդ գոլը ընդունելուց հետո մենք արթնացանք, ինչպես բռնցքամարտիկը` նոկդաունից հետո: Մենք մեծ առավելություն ունեինք եւ բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք: Կարծում եմ, հաշիվը համապատասխանում է դաշտում տեղի ունեցածին: Թերես, հաղթեց ուժեղագույնը:

Սակայն ես եւս մեկ անգամ ներողություն եմ խնդրում մեր առաջին գոլի համար»,- Լուչեսկուի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը: 

Նախորդ հոդվածը‘Աղմկահարույց տեսանյութի արդյունքում ՃՈ-ի պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վաշինգտոնը կասկածվում է Ելիսեյան պալատի վրա հակերային հարձակում կատարելու մեջ’