‘Միքայել Դանիելյան. Եթե իշխանությունները դա անվանում են առաջընթաց, ապա, այո, այդ հարցում առաջընթացն ակնհայտ է’

2654

Այս տարի կատարելագործվել է կեղծիքների մեխանիզմը: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը: Նրա խոսքով՝ այս նախագահական ընտրությունները ոչնչով չեն տարբերվում վերջին տարիներին Հայաստանում անցկացված ընտրություններից:

«Առաջընթաց կա: Կեղծիքները հասցվել են շվեյցարական ժամացույցի աշխատանքի ճշգրտության: Եթե իշխանությունները դա են անվանում առաջընթաց, ապա, այո, այդ հարցում առաջընթացն ակնհայտ է: Կատարելագործվել է անձնագրերից կնիքները հանելու մեխանիզմը: Անցյալ ընտրությունների համեմատ` կնիքները չեն ցնդում, բայց դրանք կարելի է մաքրել թաց անձեռոցիկով, որից հետո անձնագրում դրանց հետքն էլ չի մնում»,- ասաց Դանիելյանը:

Իրավապաշտպանն ինքն այսօր 8/14 ընտրատեղամասում տեսել է, թե ինչպես էին Սերժ Սարգսյանի երկու վստահված անձինք կառավարում ընտրությունների ընթացքը:

«Մեկը գտնվում էր սենյակի ներսում, մյուսը մուտքի մոտ, ու, դիմելով ընկերոջը, անընդհատ բարձրաձայն ասում էր՝ «դե, ես չեմ կարա մտնեմ սենյակ, որովհետև արգելված ա, երկու հոգի չեն կարա լինեն», «լսցնում էր»: Նրանք հաճախ փոխվում էին տեղերով: Դրսում երիտասարդների մի խումբ էր կանգնած: 10 րոպեն մեկ Սերժ Սարգսյանի վստահված անձը դուրս էր գալիս սենյակից ու գոռում էր՝ ո՞վ կա լրացուցիչ ցուցակից: Այդ երիտասարդներից մեկ-երկուսը մոտենում էին, վերցնում էին քվեաթերթիկը ու քվեարկում»,- պատմեց իրավապաշտպանը:

Նախորդ հոդվածը‘Ավտոբուսում ընտրակաշառք են բաժանում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ոստիկանություն (լրացված)’