‘Միքայել Դանիելյան. Սա զինվորա-ոստիկանական քրեական պետություն է’

1339

Ձերբակալված, ապա ազատ արձակված Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման փաստը մեծ արձագանք է առաջացրել հասարակական շրջանակներում: Շատերի համար ի սկզբանե պարզ էր, որ իշխանական վերնախավի ներկայացուցիչների համար ստեղծված անպատժելիության մթնոլորտում Սյունիքի նախկին մարզպետի որդին պետք է ազատ արձակվեր, շատերն էլ վրդովված են Սյունիքի նախկին մարզպետի՝ Լիսկայի որդու ազատման փաստից, հասարակության այդ ներկայացուցիչները պնդում են, որ դա բացահայտ արհամարհանք է արդարադատության նկատմամբ, որ մեր երկրում արդարադատությունը իրականացվում է ընտրողաբար, սպանություն կատարած անձին կարող են ազատ արձակել առանց հիմնավորման, իսկ ընդդիմադիր ակտիվիստին կարող են դատապարտել մի քանի տարվա ազատազրկման՝ միմիայն նրա քաղաքական հայացքների պատճառով:

Հասարակությանը մտահոգող այս հարցերով դիմեցինք Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանին:

-Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ավետիք Բուդաղյանի սպանության գործով ձերբակալված Տիգրան Խաչատրյանի ազատմանն ու քրեական հետապնդման դադարեցմանը:

-Ես ասել եմ, մի անգամ ևս ասեմ, ես այդ հարցով չեմ հետաքրքրվում, ինձ չեն հետաքրքրում իշխանության վերին օղակների և օլիգարխների միջև ռազբորկեքը:

-Հասարակության մեջ կա կարծիք, որ դա ուղղակի արհամարհանք է արդարադատության և հասարակության նկատմամբ, երբ մարդասպանին կարող են ազատ արձակել, իսկ, օրինակ, Տիգրան Առաքելյանի նման ընդդիմադիր ակտիվիստին կարող են ձերբակալել և վեց տարվա ազատազրկման դատապարտել միայն իր քաղաքական հայացքների և դիրքորոշման պատճառով:  Ի՞նչ կասեք այս մասին:

-Հասարակությունը նո՞ր է իմացել, որ իրեն արհամարհում են, հասարակությունը պետք է իմանար, որ իրեն արհամարհում են այն ժամանակ, երբ մարտի 1-ի կատարողներից ոչ մեկը չի դատապարտվել, ոչ թե՝ որ Խաչատրյանին բաց են թողել, թե ոչ:

Ծիծաղելի է այժմ խոսել արդարադատության վիճակի մասին, դրա վրա սարքված է ամբողջ երկիրը: Տիգրան Առաքելյանը մարդ է, որն ընդդիմադիր է, և դրա համար նստել է բանտում: Զարմանում եմ, որ մարդիկ դեռ զարմանում են այսպիսի բաների վրա: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն ինչ այդպես էլ պետք է լինի: Մեր երկիրը զինվորա-ոստիկանական քրեական պետություն է, բա ուրիշ ի՞նչ էիք ուզում, ուզում եք, որ մեր ընդդիմության ներկայացուցիչներին բաց թողնեն, իսկ իշխանության ներկայացուցիչներին դատե՞ն: Այդպիսի բան չկա: Ես դրա համար եմ ասում՝ մարտի 1-ի մասին պետք հիշել, այլ ոչ թե՝ որ Խաչատրյանի տղային բաց են թողնում:

Կարեն Թովմասյան 

Նախորդ հոդվածը‘Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը’
Հաջորդ հոդվածը‘Հաագայում սկսվել է Քենիայի փոխնախագահի դատավարությունը’