‘Միքայել Մելքումյան. Մենք դեմ ենք պետբյուջեի նախագծին՝ այն տեսքով, ինչպես ներկայացված է ‘

1052

Այս պահի դրությամբ պետք է արձանագրեմ, որ մենք դեմ ենք այս փաստաթղթին այս տեսքով, այս ձևով և այս մոտեցումներով, ինչպես որ ներկայացված է: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով պետական բյուջեի 2013 թվականի նախագծին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Պետական բյուջեի նախագիծն այն օրենքն է, որով պայմանավորված է այն ծրագրերի իրականացումը, որը կառավարությունը հունիս ամսին ներկայացրեց ԱԺ-ին, և այն թիրախները, որ ինքը դրել է, մենք գտնում ենք, որ այս բյուջեի եկամտային և ծախսային համամասնություններով ծախսերն իրականացնելը շատ բարդ կլինի: Խորապես կասկածում ենք կառավարության կանխատեսելիության ունակություններին»,- նշեց նա: 

Մելքումյանի խոսքով՝ կառավարությունն ընդունել է «Եռամյա միջնաժամկետ պետական ծախսերի ծրագիրը» 2013-2015 թվականների համար, և այնտեղ հստակ արձանագրված է, որ ՀՆԱ-ի աճը պետք է կազմի 3,8 տոկոս: 

«Չորս ամիս հետո բերում են բյուջեի նախագիծ, որտեղ նախատեսված է 6,2 տոկոս: Անհասկանալի է՝ այս 3-4 ամսվա ընթացքում ի՞նչ է պատահել միջազգային տնտեսության ոլորտում և մեր հանրապետությունում, որ կարելի է չորս ամսվա ընթացքում 2,5 տոկոսի չափով ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարձրացնել»: 

Պատգամավորի փոխանցմամբ՝ ԱԺ-ում նախագծի քվեարկության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանը» վերջնական որոշում չի կայացրել և դա կանի առաջիկայում:

Նախորդ հոդվածը‘Ռուս մարզական մեկնաբանի սրամտությունը` օրվա հիթ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը առաջընթաց է արձանագրել «Հարկերի վճարում» ցուցանիշում ‘