‘Միքայել Մինասյանի նշանակումը եւ հետեւանքները. Հայաստանի կոռուպցիոն համակարգի նոր դրսեւորման մասին’

3533

Սեփական փեսային դեսպան նշանակելով՝ Ս. Սարգսյանը ուղերձ է հղում հասարակությանը, որ կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարի վերաբերյալ ՀՀԿ ներկայացուցիչների բոլոր խոսակցությունները որեւէ արժեք չունեն, եւ նա շարունակելու է Հայաստանում արդեն սովորական դարձած՝ քավոր-սանիկ, եղբայր-փեսա ձեւաչափով պաշտոնների նշանակման ավանդույթը: Առհասարակ, բոլորին հայտնի է, որ ՀՀԿ-ն ամեն գնով կառչում է իշխանությունից միայն հարազատներին կերակրատաշտի մոտ պահելու, տարբեր մակարդակի պետական պաշտոններում արյունակից բարեկամներին նշանակելու համար:

Դիվանագիտական ոլորտը քչերից էր, որ որոշ ժամանակ դիմադրեց արատավոր այս երեւույթին: Սակայն Ս. Սարգսյանը չէր կարող արդարության որեւէ կղզյակ պահել պետական համակարգում: Նշանակվեցին բազմաթիվ դեսպաններ եւ գլխավոր հյուպատոսներ, որոնք ոչ մի առնչություն չէին ունեցել դիվանագիտության հետ, հարկատուների հաշվին բացվեցին նոր դեսպանություններ, ուր դեսպանի կարգավիճակով գործուղվեցին ծանոթ-բարեկամ սկզբունքով մարդիկ: Հայաստանի համար ամենակարեւոր երկրներում նշանակվեցին նախկին պաշտոնյաներ կամ լայն հանրությանն անծանոթ իշխանավորների ընկեր-բարեկամներ: Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Վրաստանում, Թուրքմենստանում, Ճապոնիայում, Դանիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Իրաքում, Լոս-Անջելեսում, Ռոստովում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները (հաճախ՝ երկար տարիներ, առանց դիվանագիտության մեջ անհրաժեշտ ռոտացիայի) գլխավորում են նախկինում դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող անձինք, որոնցից շատերը  հազիվ թե կարողանան ինքնուրույն դիվանագիտական քաղաքական նամակ կամ տեղեկանք կազմել: Նրանք զբաղեցնում են կադրային դիվանագետների տեղերը` խոչընդոտելով Հայաստանի դիվանագիտական դպրոցի բնականոն զարգացմանը:

Մ.Մինասյանի նշանակումը նոր խոսք է հայկական դիվանագիտության մեջ: Հիմա արդեն դաշտ են դուրս գալիս փեսաները` մի բան, որ երբեք չի եղել անկախ Հայաստանի դիվանագիտական պրակտիկայում: Եթե վարչապետի զինվորական եղբայրը կարող է դեսպան լինել, ինչո՞ւ Ս. Սարգսյանն իր դստեր ամուսնուն էլ չպետք է նշանակի դեսպան: Այս ամենը արվում է տնավարի` ընդօրինակելով մեր հարեւանների մոտեցումները: Բացի Սերժ Սարգսյանից՝ ինձ հայտնի է միայն Ի. Ալիեւը, ով դիվանագիտական պաշտոններին նշանակում է բարեկամներին: Ի տարբերություն իրենց հայ գործընկերների՝ Ի. Ալիեւի բարեկամները բերում են դիվանագիտական հաղթանակներ` Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, ընդունվեցին ադրբեջանամետ բազմաթիվ փաստաթղթեր տարբեր միջազգային կազմակերպություններում, իսկ ի՞նչ են անում մերոնք, հատկապես՝ վերոնշյալ երկրներում գործող դեսպանները:

Եվրոպական ինտեգրացիայի մասին խոսող ՀՀ իշխանությունների նման վերաբերմունքը եվրոպական արժեհամակարգին եւ ավանդույթներին կրկնօրինակում է Ս. Սարգսյանի վերաբերմունքը` իր իսկ կողմից հռչակած սկզբունքներին: Սա նույն անջրպետն է, որ կա Ս. Սարգսյանի՝ ժամանակ առ ժամանակ կարդացվող ելույթների եւ բանավոր խոսքի ու ամենակարեւորը` գործի մեջ: Բարեկամներին դիվանագիտական բարձր պաշտոններին նշանակելուց  հետո առաջիկայում սպասենք Ս. Սարգսյանի հերթական սրտաճմլիկ եւ վերամբարձ ելույթը` Սերժ Թանկյանին հասցեագրված նամակի ոճով եւ գաղափարախոսությամբ:

Այս պատմությունն ունի եւս մեկ կարեւոր երանգ. պարզվում է՝ Ս. Սարգսյանի փեսան համատեղել է Սան-Մարինոյի Գլխավոր պատվավոր հյուպատոսի պաշտոնը` Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնի հետ(!) http://www.mfa.am/u_files/file/CV_M_MINASYAN.pdf : Խնդրի զավեշտն այն է, որ Մ. Մինասյանը միաժամանակ պաշտպանելիս է եղել Սան-Մարինոյի պետական շահերը Հայաստանում եւ բուն Հայաստանի պետական շահերը: Ուշագրավ է նաեւ, որ առաջին պաշտոնը սահմանում է բազմաթիվ արտոնություններ, որոնք նախատեսված են 1963թ. Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայով http://untreaty.un.org/ilc/texts/instruments/english/conventions/9_2_1963.pdf :

Մասնավորապես՝ Պատվավոր հյուպատոսը առանց մաքսատուրքերի կարող է ներկրել անձնական օգտագործման ապրանքներ, ավտոմեքենա, ստանալ դիվանագիտական պետհամարանիշեր: Այլ հարցերում բծախնդիր ՀՀ պատկան մարմինները չեն արձագանքել այս աղաղակող համատեղությանը: Սա Մ. Մինասյանի հետ կապված՝ կոռուպցիայի մեկ այլ ամենացայտուն դրսեւորումն է, երբ պետական ողջ համակարգը հանդուրժում է ապօրինություն եւ չի արձագանքում օրենքի եւ ընդունված վարքագծի խախտմանը միայն այն բանի համար, որ իրավախախտը Ս.Սարգսյանի փեսան է:

ՀՀԿ ցուցակով ԱԺ-ում հայտնված երիտասարդները նույնպես չեն արձագանքել կոռուպցիայի նման փաստին: Փոփոխության եւ արդարության կարգախոսներով հայտնվելով խորհրդարանում՝ նրանք չեն դատապարտում նման արտառոց երեւույթները: Ինչն է նրանց խանգարում ասել, որ դիվանագիտական անցյալ չունեցող փեսային դեսպան նշանակելը տարրական էթիկայի խախտում է, ՀՀ ԱԳՆ յուրաքանչյուր աշխատակցին հասցեագրված սխալ ուղերձ: Արդյոք նրանք կարո՞ղ են հիշել որեւէ երկիր, ուր նախագահի փեսան կարող է բարձր պաշտոն զբաղեցնել նախագահական աշխատակազում եւ միաժամանակ լինել Պատվավոր հյուպատոս: Մի քանի տարի ներկայացնել այլ երկրի շահերը Հայաստանում, հիմա էլ ներկայացնել Հայաստանի շահերը երրորդ երկրում: Նման աբսուրդ, կարծում եմ, չկա նույնիսկ Ադրբեջանում:

Արի ու նման կադրային քաղաքականության պայմաններում հաղթանակներ սպասիր Հայաստանի դիվանագիտությունից: ՀՀ ԱԳՆ կից դիվանագիտական դպրոցի սաներին ի՞նչ բացատրություն պետք է տան փորձառու դիվանագետներ/դասախոսները, եթե սկսնակ դիվանագետներից մեկը հարցնի, թե ինչպես ստացվեց, որ այլ երկրի ներկայացուցիչը միաժամանակ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակ ունի: Ո՞ւր են նայել ԱԱԾ-ն, ԱԳՆ-ն, պատկան մյուս գերատեսչությունները: Գավառամիտ իշխանությունների վնասը ավելին է, քան կարելի է պատկերացնել. նրանք չունեն Հայաստանի զարգացման տեսլական, չունեն պատկերացում, թե ուր են տանում մեր երկիրը, եւ մտածում են միայն նեղ անձնական շահերի մասին:  Մ. Մինասյանի նշանակումը եւս մեկ հաստատումն է այն բանի, որ նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի մասնակցության հիմնական շարժառիթը եղբայրների բիզնեսի հետագա ընդլայնումն է եւ ընտանիքի անդամներին պետական պաշտոններին նշանակելու հնարավորության եւս հինգ տարով երկարաձգումը: 

Հ.Գ. Կարծիքներ եմ լսել, թե այս նշանակումով Մ. Մինասյանը ուղարկվում է «պատվավոր» աքսորի: Կարծում եմ՝ դա չի համապատասխանում իրականությանը: Հայաստան-Վատիկան հարաբերությունների ինտենսիվությունը չի ենթադրում դեսպանի մշտական առկայություն Վատիկանում (կամ Հռոմում): Հետեւաբար՝ նորանշանակ դեսպանը շարունակելու է մնալ Երեւանում՝ որեւէ փոփոխություն չմտցնելով հիմնական գործունեության մեջ: Ավելացան միայն դիվանագիտական անձնագիրը, դիվանագիտական կարգավիճակը, դիվանագիտական արտոնությունները եւ մեր` հարկատուների հաշվին հաճախակի գործուղումները:

 

Վլադիմիր Կարապետյան

 

 

Նախորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտ Հակոբ Հակոբյանին (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը փորձում է լուծել անշարժ գույքի շուկայում առկա խնդիրները’