‘Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին (ֆոտոշարք)’

2684

Հունիսի 8-ին Հայաստանի ԱԳՆ կայքում հայտնվել է մի հաղորդագրություն, որտեղ ասված է, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին: Տեղադրված են նաև լուսանկարներ: Հաղորդագրությունը ուշագրավ է նրանով, որ ներկայացված են մենակ Մինասյանի խոսքերը, իսկ թե ինչ է ասել Հռոմի Պապը մնացել է անհայտ, սակայն հաղորդագրության սկզբում նշվում է, որ տեղի է ունեցել զրույց: Այս կապակցությամբ կարելի է հիշել, որ Հայաստանի տարբեր գերատեսչությունների համար սովորական երևույթ է դարձել հայտնել Հայաստանի պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպումների միայն այն հատվածները, որոնք ձեռնտու են այդ պաշտոնյաներին, իսկ մնացածի մասին Հայաստանի հանրությունը տեղեկանում է արտասահմանյան աղբյուրներից: Վերջին թարմ օրինակը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումն է, որի կապակցությամբ երկու երկրների կառավարությունների կայքերում հայտնվել էին իրարից տարբեր  հաղորդագրություններ: Ամեն դեպքում ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունը և հույս հայտնում, որ Վատիկանի ԱԳՆ կայքում չի հայտնվի այս հաղորդագրությանը հակասող հաղորդագրություն:

«Հունիսի 7-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին:

Դեսպան Մինասյանի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միջև կայացած զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող երկկողմ պատմական կապերին, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությանը: Այս կապակցությամբ դեսպան Մինասյանը նշեց, որ նպատակ ունի ուղղել Սուրբ Աթոռում ՀՀ նորաստեղծ դեսպանության գործունեությունը երկկողմ մշակութային կապերի, հոգևոր ընդհանրությունների առավել ընդլայնմանը, ինչպես նաև, համաշխարհային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս կազմող հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը: 

Դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնը: Նա նաև երախտագիտություն հայտնեց վերջերս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդի միջև կայացած հանդիպման ժամանակ Քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշման համար: 

Հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցեց Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը: Քահանայապետը խոստացավ դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը:
Հռոմի Պապի հետ հանդիպումից հետո, Սուրբ Աթոռի արարողակարգի համաձայն, դեսպան Մինասյանն առանձնազրույց ունեցավ Սուրբ Աթոռի Պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետ: 

Հանդիպման ընթացքում կարդինալ Բերտոնեն, շնորհակալություն հայտնելով Սերժ Սարգսյանին Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը կարևորելու համար, ողջունեց Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու և ռեզիդենտ դեսպան նշանակելու որոշումը: Պետքարտուղարը հայտնեց նաև, որ Սուրբ Աթոռի Պետքարտուղարությունում քննարկվում է Հայաստանում նվիրակություն բացելու հարցը»:

Նախորդ հոդվածը‘Իտալիա-Իսրայել՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Կիրակնօրյա խմբագրական. Եկել է «վոչդոգերի» հայկական ժամանակը’