‘Մի անգամ Նեմեցը, Շմայսը, Բոգոն, Լֆիկն ու Սերժիկը գնացին Արցախի անկախությունը նշելու’

9055

Իրականում սա հեքիաթ չէ՝ բարի ավարտով, ոչ էլ գիշերային սարսափ երազ, որն ավարտվում է արթնանալուն պես, և ջրին պատմելով կամ էլ սառը ջուր խմելով՝ անմիջապես տհաճ  տպավորությունն անցնում է: Սա լրատվական դաշտում տարածված մի լուսանկարի պատմություն է, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են սույն գործիչները երկրի ղեկավար համարվող անձի հետ մեկնել Արցախ՝ նշելու Արցախի անկախության տոնը, և տրիբունայում կանգնած՝ ընդունել զինվորական շքերթ:

Քաղաքական ուժերն անընդհատ խոսում են Արցախի անվտանգությունը բարձրացնելու մասին, սակայն մինչ նրանք գտնեն դրա բանալին, Սերժ Սարգսյանն արդեն գտել է այն` Հայաստանի բոլոր տեսակի հանցավոր հեղինակություններին հավաքել մի «տրիբունայի» վրա, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, թե որքան պատշաճ ձևով է պաշտպանված Արցախը:

Էլ ի՞նչ Ադրբեջանի կողմից գնված զենք, էլ ի՞նչ տնտեսական առաջընթաց, ի՞նչ դիվանագիտություն. սա է ամենամեծ դիվանագիտությունը՝ որ մեր չուզողները տեսնեն ու վախենան:

Իհարկե, շատերը կմտածեն, թե դրանց ինչի՞ց վախենան, երբ նորմալ պետության դեպքում ոստիկանությունը մեկ րոպեում դրանց կհավաքեր, և նրանցից յուրաքանչյուրը ցուցմունք կտար մյուսի դեմ: Սակայն դա չէ կարևոր, կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանը հավատացած է, թե դրանցով կարող է ապահովել Արցախի ու Հայաստանի «անվտանգությունը»:

Իսկ միգուցե դրանց առկայությունն իր կողքին հենց Սերժ Սարգսյանի՞ն է  ինքնավստահություն ներշնչում, գուցե նրանց շնորհի՞վ է, որ Սերժ Սարգսյանը կարողանում է Հայաստանը «պատշաճ» ներկայացնել արտերկրում. ո՞վ գիտե, կարևորը՝ նա գտել է իր անվտանգության բանալին և այն ի ցույց դրել աշխարհին:

Միայն թե լավ կլիներ՝ Սերժ Սարգսյանը հանձնարարեր հատուկ ծառայություններին (ինչպես Սաֆարովի էքստրադիցիայի պարագայում խրոխտ ձևով հանձնարարեց), որ նրանք ինտերնետից «վերացնեն» իր մերձավորների մասին տեղեկությունները: Թե չէ Գուգլում սեղմում ես «Շմայս», բերում է՝ Վազգեն Սարգսյանի կողմից ձերբակալված, իսկ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո էլ՝ նրա սպանության մեջ կասկածվող մեկի կենսագրությունը, սեղմում ես «Բոգո», բերում է՝ Ռուբեն Գևորգյանի եղբորորդու սպանությունը կազմակերպող, որի մյուս եղբորորդին հանդիսանում է ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան, սեղմում ես «Նեմեց», բերում է՝ Հարսնաքարում հայ սպայի սպանության համար Աժ պատգամավորությունից հրաժարված, բայց որևէ կերպ քրեական պատասխանատվության չենթարկված օլիգարխ, սեղմում ես «Լֆիկ», բերում է՝ Փակ Շուկա, թալան, մոնոպոլիա:

Հիմա տեսնո՞ւմ եք՝ ինչ ժողովրդավար է Սերժ Սարգսյանը, որը որևէ խտրականություն չի դնում «մարդկանց» միջև և ժողովրդավարական արժեքներից ելնելով՝ շփվում ու ընկերություն է անում հասարակության բոլոր խավերի հետ: Ահա այսպիսին պետք է լինի երկրի համար մտահոգ ու երկրի անվտանգության մասին մտածող իրական «առաջնորդը»:

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘ԱԺ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար Գյումրիում. երկու մարդ տուժել է’