‘Մի գրպանից` մյուս գրպան. Պետբյուջեի միջոցներն ուսանողներին կհասնեն ՀՀԿ խողովակներով’

1033

Հայաստանի կառավարության մշակած սոցիալական փաթեթով հանրապետության գրեթե 10 հազար ուսանող կստանա ուսանողական տարբեր աստիճանի զեղչ, կառավարության այսօրվա նիստում, ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցի՝ հայտարարել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշել է, որ ուսանողների աջակցության սոցիալական փաթեթն ԱԺ-ում հավանաբար քննարկման կդրվի արդեն հաջորդ քառօրյայում:

«Փաթեթով սահմանվելու է ուսման վարձերի վերին շեմը, սոցիալապես անապահովներին, բարձր առաջադիմություն ունեցողներին տրամադրվելու են մինչև 100 տոկոսի ուսանողական զեղչեր: Նոր ծրագրով կառավարությունն իր ձեռքն է մեկնում ուսանողությանը, և այն ամուր է»,- ասել է Աշոտյանը:

Հաջորդ որոշմամբ արդեն  կառավարությունը սահմանել է այն ուղին, որով պետական միջոցները պետք է հասնեն ուսանողությանը:  Եւ ուսանողների ու կառավարության միջեւ միջնորդն այս անգամ էլ ճանաչվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը.  գործադիրը 70 մլն դրամ է տրամադրել ՀԵՀ-ին՝ ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու համար:

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ նշված գումարից 60 մլն-ը կուղղվի ՀՀ քաղաքացի ուսանողներին, իսկ 10 մլն-ը՝ սիրիահայերին:

Հիշեցնենք, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ» կոչված հասարակական կազմակերպությունը փաստացի իշխող ՀՀԿ երիտասարդական կազմակերպություններից  է, որի գործունեության առանցքը հարկատուներից տարբեր եղանակներով գումարներ հավաքագրելն ու ՀՀԿ քաղաքական նպատակներին ծառայեցնելն է: Պատահական չէ, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանն է, խորհրդի անդամներից մեկը` ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը: Իսկ Հիմնադրամի համակարգողը ԱԺ պատգամավոր, կուսակցական երանգով երիտասարդական միջոցառումներ կազմակերպելու գործում հմտացած Կարեն Ավագյանն է:

Փաստորեն՝ ՀԵՀ-ը, ուսանողությանը աջակցելու անվան տակ, գումար է հավաքագրում ոչ միայն բուհերից, այլեւ ուղղակի պետբյուջեից (թեեւ գումարի աղբյուրը երկու դեպքում էլ, ի վերջո, հասարակ հարկատուներն են):

Զարմանալի զուգադիպությամբ հենց այսօր, երբ կառավարությունը գումար է տրամադրել ուսանողական վարձավճարների փոխհատուցման համար, ՀԵՀ համակարգող, համատեղության կարգով ՀՀԿ երիտթեւի առաջնորդ Կարեն Ավագյանը կուսակցության երիտասարդական կազմակերպության անունից կուսակցության կենտրոնական գրասենյակում անվանական կրթաթոշակի սերտիֆիկատներ է հանձնել տարբեր բուհերից աչքի ընկած ուսանողներին: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Արմեն Աշոտյանը, ով դրանից քիչ առաջ Կառավարությունում պետական միջոցներից գումարներ էր տրամադրում` հայաստանցի ուսանողությանն աջակցելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ նախագահը Մաքսային միությանը առնչվող հարցերով մեկնել է ՌԴ ‘