‘Մի խումբ անձինք նշանակվեցին նախարարներ’

1840

Եվ այսպես, կառավարության նոր կազմը հրապարակվեց։ Մեր մեջ ասած` կարող էին նաեւ չհրապարակել, որովհետեւ մեծ հաշվով` որեւէ նշանակություն չունի, թե այդ կազմից ով հատկապես որ նախարարությունն է ղեկավարելու։ Կարող էին նույնիսկ անուններ չնշել եւ պաշտոնական հաղորդագրության մեջ գրել, որ «մի խումբ անձինք նշանակվեցին նախարարներ»։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մեր կառավարությունը, մեծ հաշվով, հասարակության հետ ոչ մի կապ չունի։ Եվ եթե որեւէ նախարարի ազատում են աշխատանքից ու մի ուրիշին նշանակում, դրանից ուրախանում կամ տխրում են միայն այդ մարդկանց հարազատ- բարեկամներն ու «մոտիկները», իսկ մյուսների համար բացարձակապես միեւնույն է։

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում մարդիկ գոյատեւում են ոչ թե կառավարության ջանքերի շնորհիվ, այլ ի հեճուկս կառավարության։ Իշխանություններն ընդհանրապես հասարակության նկատմամբ որեւէ պարտավորություն չունեն եւ չեն էլ ուզում ստանձնել։ Թոշակ, որպես այդպիսին, չեն տալիս (որովհետեւ ենթադրվում է, որ մարդը պիտի կարողանա թոշակով գոյատեւել, իսկ սրանց տվածով դա հնարավոր չէ), աշխատատեղեր չեն ստեղծում եւ աշխատանքով չեն ապահովում (համարում են, որ դա իրենց գործը չէ), անվճար կրթություն եւ բուժօգնություն չեն ապահովում (դրանք միայն թղթի վրա են անվճար, այն էլ` միայն հատուկ խավերի համար) եւ այլն։ Հովիվը որ հովիվ է, ոչխարներին կթելուց ու խուզելուց բացի հետեւում է, որ հոտը նորմալ արածի, ձյան ու անձրեւի տակ չմնա, գայլի բաժին չդառնա եւ այլն, այսինքն` նաեւ որոշակի պարտավորություններ է ստանձնում, իսկ այս իշխանությունները միայն կթում ու խուզում են. որը «սատկեց` սատկեց», որը փախավ` փախավ, դա արդեն իրենց մեղքը չէ, այլ հետեւանք է «համաշխարհային ճգնաժամի» եւ «տարածաշրջանային բացասական զարգացումների»։ Հասարակությունն էլ իր հերթին բացարձակապես որեւէ ակնկալիք չունի այս կառավարությունից։ Ասենք` Ռուսաստանից ուղարկվող փողով մի կերպ գոյատեւող ընտանիքի համար ի՞նչ նշանակություն ունի` էկոնոմիկայի նախարարը Վահրամ Ավանեսյա՞նն է, թե՞ (հեռու տնից-տեղից) Հրանուշ Հակոբյանը։ Այդ ընտանիքին ավելի շատ կհետաքրքրի, թե ով է Ռուսաստանի՛ էկոնոմիկայի նախարարը։ Կամ, ասենք, մեկը տունը գրավ է դրել, մեքենա առել ու տաքսի է քշում, մի ուրիշը «Վերնիսաժում» նկար է վաճառում, երրորդը վարսավիրություն է անում… Պետությունն այդ մարդկանց ոչնչով չի օգնել ու չի էլ օգնելու, պետությունը նրանց հետ առնչվում է միայն հարկեր հավաքելու «մոմենտով», եւ բնականաբար` բոլոր այդ մարդիկ պետությունն ընկալում են որպես ձրիակեր ինչ-որ կառույց, որի հիմնական նպատակը իրենցից հնարավորինս շատ փող պոկելն է։ Հիմա նրանց համար ի՞նչ տարբերություն, թե կոնկրետ ովքեր են իրենցից պլոկած փողը լափելու։

Իսկ ահա Սերժ Սարգսյանը ձեւացնում է, թե իրականում այդպես չէ, ինքը լավ էլ մտահոգված է ժողովրդի վիճակով եւ նույնը պահանջում է կառավարությունից։ Երեկ, օրինակ, նա հայտարարել է, թե սրանից հետո կառավարությանը չի հարցնելու, թե ինչ են արել, այլ հարցնելու է, թե ինչ արդյունքներ է տվել այդ արածը, ընդ որում` արդյունքները պիտի լինեն չափելի ու տեսանելի։ Ուզում է ասել` դատարկ խոսելու փոխարեն պիտի այնպես անեք, որ մարդիկ սկսեն ավելի լավ ապրել։ Բայց որո՞նք են Սերժ Սարգսյանի համար «չափելի ու  տեսանելի» արդյունքները, ինչպե՞ս է նա տեսնելու, որ մարդիկ ավելի լավ են ապրում։ Մարդկանց հետ անմիջական շփումը կարծես թե չի ստացվում. կամ «խիյարն է թարս բուսնում», կամ ամեն ինչ ավարտվում է «էկել ես ստեղ, լաց ես լինում, որ ի՞նչ անես» թեւավոր արտահայտությամբ։ Հո չի՞ կարող դերվիշի շորեր հագնել ու ծպտված շրջել Երեւանում։ Այդ դեպքում մի 100-120 թիկնապահներ էլ պիտի դերվիշի շորերով ուղեկցեն նրան, որովհետեւ մարդ ես, մեկ էլ տեսար` ճանաչեցին, եւ այդ դեպքում ամեն ինչ կավարտվի արտահերթ նախագահական ընտրություններով։ Այլ հարց է, որ փոփոխությունները «տեսանելի» կարող են լինել նաեւ «Հ1»-ով։ Ասենք` մարդկանց խմբեր են վարձվում, որոնք էլ ամեն օր հեռուստաեթերից խոսում են այն մասին, թե որքան է բարձրացել իրենց կենսամակարդակը  կառավարության ջանքերի շնորհիվ։ Այ դա կլինի «տեսանելի» արդյունք։ Ինչ վերաբերում է «չափելի» արդյունքներին, ապա այստեղ արդեն ազգային վիճակագրական ծառայությունը պիտի ավելի լավ աշխատի։ Եվ միշտ բարեբաստիկ թվեր ներկայացնի այն մասին, թե հատկապես քանի տոկոսով է աճել մարդկանց բարեկեցությունը։ Եթե իրականությանը չհամապատասխանի էլ` ոչինչ։ Հայաստանում ի՞նչն է համապատասխանում իրականությանը, որ դա համապատասխանի։ Իրականությանը համապատասխանելով լիներ` Սերժ Սարգսյանը ի՞նչ գործ ուներ նախագահականում։

Մարկ Նշանյան

«ՉԻ»


Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն անցողիկ է, իսկ քրեական օրենսգիրքը՝ մնայուն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’