‘Մի հայտարարված պայթյունի քրոնիկա, որին ՀՀԿ-ն առնչություն չուներ’

1113

Ինչպես հայտնի է` այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել ՀՀԿ-ի «փուչիկների գործով» միակ ամբաստանյալ, ՀՀ քաղաքացի, քաղցկեղով հիվանդ 54-ամյա Սերոբ Բոզոյանին: Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է նախորդ նիստում դատախազ Հակոբ Մարտիրոսյանի պահանջը:

Հիշեցնենք, որ խոսքը այս տարվա մայիսի 4-ին տեղի ունեցած պայթյունի մասին է, երբ Հանրապետական կուսակցության նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ գազով լիցքավորված հարյուրավոր փուչիկների բռնկման հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխվեց 154 մարդ, սակայն, իրավապահները հուլիսին այս գործում որպես միակ մեղադրյալ են ներգրավել Սերոբ Բոզոյանին: ՀՀԿ-ն փաստորեն պայթյունի ողջ պատասխանատվությունը փորձում է գցել իր վրայից եւ բարդել Սերոբ Բոզոյանի վրա:

ՀՀԿ-ի հիշողութունը թարմացնելու նպատակով ներկայացնենք մայիսի 4-ին հրապարակված մի քանի լուր այն մասին, թե ինչպես էր ՀՀԿ-ն շարունակում համերգը պայթյունից հետո, իսկ Սերժ Սարգսյանն էլ` անվրդով ելույթ ունենում հարթակից, առանց պայթյունի մասին խոսք անգամ հիշատակելու:

 

«Արտակարգ պատահար է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում՝ ՀՀԿ համերգի ժամանակ։ Գազով փուչիկներ են պայթել,որի արդյունքում երեխաներ եւ երիտասարդներ են այրվածքներ ստացել։

Նրանց տեղափոխում են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։ Համերգը շարունակվում է։ Պայթյունից հետո հրապարակ եկավ եւ նախատեսված ելույթն ունեցավ Սերժ Սարգսյանը։ Այդ պահին դեռ երեխաներին շտապօգնության մեքենաներով տեղափոխում էին հիվանդանոց։ Սերժ Սարգսյանը որեւէ բառ չասաց պատահարի մասին։

Ի դեպ, երբ պայթյունից հետո վիրավորներին տեղափոխում էին հիվանդանոց, երգիչ Արման Հովհաննիսյանը շարունակում էր ելույթը՝ կոչ անելով ավելի աշխույժ լինել։ Հրապարակի որոշ հատվածներում կանգնածները գլխի էլ չեն ընկել՝ ինչ է եղել։ Թեեւ որոշ հատվածներում խուճապ էր։ Որոշ տեղեկություններով՝ պայթյունը եւ հրդեհը եղել է ծխախոտի բռնկումից»։

«Ա1+»

 

«Երեւանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, տեղի է ունեցել արտակարգ պատահար։

Հանրահավաքին նախորդած համերգի ընթացքում բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկները։ Կան բազմաթիվ տուժածներ։
Նրանց «Շտապօգնության» մեքենաներով տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներ։ Բժիշկներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին հրապարակում հայտնեց, որ շուրջ 50 երիտասարդներ՝ հիմնականում ուսանողներ, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներ։ Միջադեպից րոպեներ անց համերգը շարունակվեց։ Այնուհետեւ ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը»:

Azatutyun.am

«Այսօր Հանրապետության հրապարակում անցկացվող ՀՀԿ նախընտրական հանրահավաք-համերգի ժամանակ ողբերգական միջադեպ է գրանցվել: Ականատեսների խոսքով` հանկարծակի բռնկվել են հելիում պարունակող փուչիկները: Ոստիկանները հայտնում են տասնյակ տուժածների մասին, մինչդեռ, ականատեսների խոսքով, տուժածների թիվը շատ ավելի մեծ է: Դեպքի վայր են ժամանել տասնյակ շտապ օգնության մեքենաներ:

20:00-ի դրությամբ հանրահավաքը մի պահ դադարեցվել էր, սակայն համերգը շարունակվում է: Հավաքվածները պահանջում էին դադարեցնել ելույթները, սակայն երգիչները շարունակում էին իրենց գործը: Մարդիկ լքում են հրապարակը, որը շրջափակվել է ոստիկանների կողմից»:

Epress.am

Նախորդ հոդվածը‘Նավասը իր արարքի համար պատժվեց’
Հաջորդ հոդվածը‘Բաթումում բացվել է Ճաճա-թաուերը’