‘Մի շարք հայտնի ադրբեջանցի իրավաբաններ և փաստաբաններ կոչ են արել չքվեարկել Ալիևի օգտին’

945

Ադրբեջանում 20 հայտնի իրավաբաններ և փաստաբաններ նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ցավոք` ինչպես վերջին տարիների բոլոր ընտրությունները, այս ընտրություններն էլ չեն կարող համարվել ազատ և արդար»:

Այսօր տարածած հայտարարության մեջ ադրբեջանցի փաստաբանները նշում են, որ նախընտրական արշավը զուգակցվել է մարդու հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարումներով, օրենքների խստացումներով, մարդկանց իրավունքների սահմանափակումներով, թեկնածուների անհավասար հնարավորություններով, ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների վրա ճնշումներով:

Ադրբեջանցի հայտնի փաստաբանների և իրավաբանների խումբը նաև հայտարարել է, որ այդ իրավիճակում անցկացվող ընտրությունները չեն համապատասխանում անգամ նվազագույն ժողովրդավարական չափանիշներին:

Նրանք նշում են, թե կասկած չկա, որ տեղական իշխանությունները, ուժային կառույցները, ընտրական հանձնաժողովներն ու կաշառված բազմաթիվ «դիտորդական առաքելությունները» կօգտագործվեն ընտրությունների արդյունքների կեղծման համար:

«Մենք, ինչպես նաև հասարակության մեծ մասը, համոզված ենք, որ Իլհամ Ալիևը չունի ևս 5 տարի երկիրը կառավարելու բարոյական իրավունք, ոչ միայն այն պատճառով, որ նրա երրորդ նախագահական շրջանը հակասում է սահմանադրությանը և ժողովրդավարության սկզբունքներին, այլ նաև այն պատճառով, որ նրա կառավարման նախորդ տասը տարիներին ակնհայտորեն հետընթաց է եղել արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, ինչպես նաև մշակույթի մեջ»,-նշում են ադրբեջանցի փաստաբանները:

Փաստաբանների հայտարարության մեջ նշված է նաև, որ ամբողջ տնտեսությունը Ալիևի կառավարման տարիներին կախվածության մեջ է ընկել նավթից, կոռուպցիան և մենաշնորհները հասցվել են պետական քաղաքականության աստիճանի, հետապնդումների հետևանքով երկրում հաստատվել է փաստացի միակուսակցական քաղաքական համակարգ, երկիրը կառավարվում է միջնադարյան օրենքներով:

«Այս իշխանության ևս հնգամյա կառավարման պայմաններում կշարունակվեն խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերը, բանակում, ոստիկանական բաժիններում և բանտերում կատարվող խոշտանգումները, քաղաքական նկատառումներով ձերբակալությունները, հանրային իրավունքների խախտումները, չնչին թոշակները, բյուջեի միջոցների մսխումները, խելագար նախագծերի վրա հսկայական գումարների վատնումը և սոցիալական անհավասարությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Փաստաբանները, դիմելով ժողովրդին, կոչ են անում գնալ ընտրատեղամասեր և «ոչ» ասել այդ իշխանությանը, փոխանցում է contact.az-ը:

Նախորդ հոդվածը‘ՌԵՍՈ-ն բժշկական ապահովագրության գծով հավաքագրել է ամենամեծ ծավալով պրեմիաները’
Հաջորդ հոդվածը‘Բժշկության գծով Նոբելյան մրցանակակիրները հայտնի են’