‘
ԼԳՏԲ հանրության շահերի պաշտպանությամբ զբաղվող Stonewall կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներով՝ բրիտանական ՄԻ-5 հակահետախուզական ծառայությունը ճանաչվել է գեյերի նկատմամբ երկրում ամենաբարյացակամ գործատուն:
Հետազոտության շրջանակներում մոտավորապես 400 կազմակերպությունների առնվազն 60 հազար աշխատակիցներ պատասխանել են կարիերայի զարգացմանը, գործընկերների հետ փոխհարաբերություններին և աշխատանքի վրա ազդող այլ գործոնների վերաբերող հարցերին:
«Բազմազանությունը կենսականորեն անհրաժեշտ է ՄԻ-5-ին, և ոչ միայն այն պատճառով, որ մենք իրոք ներկայացնում ենք այն համայնքները, ի շահ որոնց աշխատում ենք, այլև նրա համար, որ մենք օգտագործում ենք տաղանդավոր մարդկանց հմտությունները՝ անկախ այն բանից, թե ովքեր են նրանք»,- հայտարարել է ՄԻ-5-ի ղեկավար Էնդրյու Փարքերը:
Վարկանիշի երկրորդ տեղում Lloyds բանկն է, երրորդում՝ Ուելսի Ազգային ասամբլեան:
Մինչև 1990-ական թթ. գեյերին ՄԻ-5-ում աշխատանքի չէին ընդունում, քանի որ համարվում էր, որ նրանք շանտաժի տեսակետից խոցելի են: Փոխանցում է BBC-ն:
‘