‘ՄԻ-5 ղեկավար. Բացահայտումները սպառնում են ահաբեկչության դեմ պայքարին’

987

Բրիտանական հակահետախուզության՝ ՄԻ-5-ի նոր ղեկավար Էնդրյու Փարքերը հայտարարել է, որ իր գերատեսչության՝ ահաբեկչության դեմ պայքարի ծրագիրը սպառնալիքի տակ է՝ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող էլեկտրոնային գաղտնալսման տեխնոլոգիաների բացահայտման պատճառով:

Սա Փարքերի առաջին հրապարակային ելույթն է եղել ապրիլից ի վեր, երբ նա զբաղեցրել է ՄԻ-5-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Մի քանի ամիս առաջ ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, որն ապաստան է ստացել Ռուսաստանում, էլեկտրոնային լրտեսման մասին տվյալներ գաղտնազերծեց: Փարքերն ինքը իր ուղերձում Սնոուդենի անունը չի տվել, սակայն ասել է, որ բացահայտումները «մեծ վնաս են հասցրել» Կառավարական կապի կենտրոնի էլեկտրոնային հետախուզության ծառայության աշխատանքներին: Կառավարական կապի կենտրոնը ՄԻ-5-ին արժեքավոր տեղեկատվություն է տրամադրում, ինչը հնարավորություն է տալիս կանխել ահաբեկչական գործողությունները: ՄԻ-5-ի ղեկավարը նշել է, որ այժմ ահաբեկիչները կապի ամենատարբեր միջոցներից են օգտվում՝ «էլեկտրոնային նամակագրություն, IP-հաղորդակցություն, սոցիալական ցանցեր, չատեր, անանուն ծառայություններ» և այլն: Փարքերի խոսքերով՝ իր գերատեսչության համար կենսականորեն անհրաժեշտ է նման միջոցների հասանելիությունը, որպեսզի կարողանա պաշտպանել երկիրը: Միացյալ Թագավորությանը ամենաուղղակի և անմիջական վտանգ են սպառնում, ըստ Փարքերի, «Ալ-Քաիդան» և նրա դաշնակիցները Պակիստանում և Եմենում: Նա նշել է նաև, որ բրիտանական կառավարությունը մտահոգված է, որ Սիրիայում կռվող Բրտանիայի քաղաքացիները՝ բրիտանացի ջիհադիստները, պատերազմի դաշտում փորձ ձեռք բերելով և տուն վերադառնալով՝ իրենց փորձը կարող են կիրառել ընդդեմ Միացյալ Թագավորության բնակչության, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ 3 լավագույն ուսանողներ կստանան Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ’
Հաջորդ հոդվածը‘Այսուհետ «Բենթլի Սամո» չէ, պարզապես Սամո. Կճոյանը այլևս «Բենթլի» չունի. Մամուլ’