‘Մխիթարյանը երեխաների հետ. այցելություն պատանիների աջակցության ավետարանչական հիմնադրամ’

1201

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Հենրիխ Մխիթարյանը ներկա է գտնվել Մենդենում գտնվող Ev. Երիտասարդության ծառայությունների հիմնադրամի 50 ամյակին: 

Գերմանական DerWesten պարբերականի լրագրող Յուրգեն Օվերկոթը ծանոթացնում է միջոցառման մանրամասներին.

«Աստղը կանգնել է անկյունում. նայում է, լսում, համեստորեն ժպտում, բայց նրա հագուստը դժկամության ազդանշան է տալիս: «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ Ev. Երիտասարդության ծառայությունների հիմնադրամի 50 ամյակին էր եկել ամբողջովին մուգ կապույտ հանդերձանքով: Գնդակի արտիստն իր այցը հույժ գաղտնի էր պահել: Նրա մեսիջը պարզ էր. կարևորը ոչ թե ինքն է, այլ՝ երեխաները:

Միջոցառումն այնքան կարևոր էր, որ նա հանուն դրա զոհել էր իր միակ հանգստյան օրը: Մխիթարյանի ներկայությունը Մենդենում ցույց է տալիս նրա ջերմ աջակցությունը անգործունակ ընտանիքների ընկերակցությունից զուրկ երեխաներին:

Քսան րոպե է, ինչ հիմնադրամի տնօրենը ցույց է տալիս տունը, իսկ շատ լեզուների տիրապետող, բազմակողմանի զարգացած հայ ֆուտբոլիստը հետաքրքրություն է ցուցաբերում ու հարցեր տալիս:

Վեցից քսաներկու տարեկան քառասուն երեխա՝ դեղին-սև հանդերձանքով, անհամբերությամբ սպասում են այցելուին: Ժամը 15:10 ձայնն արձագանքում է.  «Նա այստեղ է»:

Իսկ հետո գալիս է ցուցադրության ժամը: Աղջիկներին ու տղաներին թույլատրվում է ցույց տալ այն, ինչ կարող են: Խորեոգրաֆիա, ակրոբատիկա, շան վարժեցում… Հյուրը ջերմանում է, ժպտում, հայացքներ փնտրում:

Դեռ իր հայրենի Հայաստանից Մխիթարյանը սովոր է ծնողազուրկներին օգնություն ցույց տալու: Նա ուզում է քաջալերել նրանց, չնայած ներկայիս դժվար պայմաններին՝ ուզում է նրանց կյանքը հենց իրենց ձեռքում գտնվի, որպեսզի ինքնուրույն կարողանան ստեղծել իրենց ապագան:

Մենդենում հյուրը սովորեցնում է նպատակներ ու վճռականություն, ինքնավստահություն ու հաստատակամություն:

Սիրիացի 16-ամյա Աբդուլլահն էլ իր սահուն, բայց ոչ այնքան ճիշտ գերմաներենով զվարճացնում է այցելուին՝ ասելով. «Ինչպիսի խառնաշփոթ»: Այնուհետև Մխիթարյանը բոլոր երեխաներին հանձնում է իր ստորագրությամբ գնդակներ՝ ևս մեկ անգամ հաստատելով կյանքի օրենքը տալու ու վերցնելու մասին»:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլայի հայրը վստահ է, որ իր որդին կփոխի ԱՊԼ մենթալիտետը’
Հաջորդ հոդվածը‘CNN-ն անդրադարձել է Լևոն Արոնյանին’