‘Մխիթարյանը շարունակում է մնալ հետխորհրդային տարածքի լավագույն ֆուտբոլիստը’

728

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը Sport Express-ի կողմից իրականացվող ամենամսյա հարցման արդյունքներով ճանաչվել է նոյեմբեր ամսվա՝ հետխորհրդային տարածքի 2-րդ ֆուտբոլիստը: Մխիթարյանը հարցման արդյունքներով ստացել էր 49 միավոր եւ ընդամենը 3 միավորով զիջել նոյեմբեր ամսվա լավագույն խաղացողին՝ Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինին:

Ռուսական կայքը այս կապակցությամբ նշում է. «Այս տարի անցկացվող մրցույթներում Մխիթարյանի հաղթանակներին այնքան ենք սովորել, որ նոյեմբերին նրա 2-րդ տեղը գրեթե որպես սենսացիա է ընկալվում: Իսկ այդ սենսացիայի հեղինակը Կոկորինն էր, որ մի տեսակ աննկատ դարձավ մոտակա տարիներին ռուսական ֆուտբոլի համարյա գլխավոր հույսը»:

Չնայած դրան, տարվա բոլոր ամիսների ընդհանուր հաշվարկով Մխիթարյանը շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը՝ 296 միավոր։ Ամենայն հավանականությամբ, դեկտեմբեր ամսվա հարցումներից հետո Մխիթարյանը կճանաչվի 2012 թվականի հետխորհրդային տարածքի հանդես եկող լավագույն ֆուտբոլիստ, քանի որ երկրորդ տեղում ընթացող Սանկտ-Պետերբուրգի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը վաստակել է 263 միավոր, իսկ «Զենիթը» իր մրցելույթները թե եվրոգավաթներում, թե Ռուսաստանի առաջնությունում ավարտել է:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը «ոնց որ խառնում ա սաղ»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանատունը փոփոխել է մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման ընթացակարգը’