‘Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4 շաբաթ’

1244

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կոճի վնասվածք է ստացել երեքշաբթի օրը կայացած շվեյցարական «Լյուցերնի» դեմ ստուգողական խաղում:

Հանդիպումից հետո «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ վնասվածքի լրջության աստիճանի մասին հնարավոր կլինի խոսել չորեքշաբթի օրը. «Նա անհաջող է ծալել ոտքը և այժմ նրա ոտնաթաթը կապված է: Պետք է սպասենք և տեսնենք»:

«Բորուսիայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր կայանալիք բուժզննման արդյունքում պարզ կլինի, թե արդյոք լուրջ է Հենրիխի վնասվածքը:

Բուզննումը նախատեսված է Երևանի ժամանակով 15:30-ին, հայտնում է Bild-ը, գրում է totalfootball-ը:

Ինչպես տեղեկացնում է armsport.am կայքը՝ հղում անելով sport1.de-ին, բուժզննումից հետո պարզվել է, որ հայ ֆուտբոլիստը սինդեսմոզի վնասում ունի (սրունքի շրջանում) և  շարքից դուրս է եկել 4 շաբաթով։

Այսպիսով, Մխիթարյանը բաց է թողնելու ոչ միայն «Բավարիայի» դեմ հուլիսի 27-ին նախանշված Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումն, այլև, առնվազն, Բունդեսլիգայի առաջնության շրջանակում «Աուգսբուրգի» հետ մեկնարկային մրցավեճը։

Բացի այդ, հարցականի տակ է Հայաստանի հավաքականի ռմբարկուի մասնակցությունը՝ Ալբանիայի ընտրանու դեմ ընկերական խաղին, որը տեղի կունենա օգոստոսի 14-ին։

Ի դեպ, գերմանական տաբլոիդն արդեն հրաժարվել է Մխիթարյանին տրված “մոծակ” մականունից և նրան անվանում է Միկի, ինչպես քվեարկության արդյունքում ընտրել էին ընթերցողները:

Նախորդ հոդվածը‘«Կներեք, չհասցրինք հայկական խանութից Հարությունյանի համար հագուստ գնել»’
Հաջորդ հոդվածը‘Բրուցելոզի դեպքեր Կոտայքի մարզում’