‘Մխիթարյան. «Մոտ ապագայում մեզ համար իսկապես շատ լավ է լինելու»’

2114

Հենրիխ Մխիթարյանը անցկացրած մրցաշրջանի և Թոմաս Տուխելի հետ հարաբերությունների մասին զրուցել է Deutsche Welle-ի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական թարգմանությունը:

Այն ժամանակ և հիմա էլ Դուք Դորտմունդի ամենաթանկ նորեկն էիք, բայց խաղադաշտում գործերը Ձեր ուզածի պես չէին ընթանում, այնպես չէ՞:

-Բացի ինձնից, դա նաև թիմի խաղն էր, որն այնքան էլ լավ չէր աշխատում: Բոլորը փորձում էին, բայց արդյունքում չէինք կարողանում հաղթել կամ այնքան գոլեր խփել, որ հաղթենք: Մրցաշրջանի առաջին կեսից հետո, մենք ցածր հորիզոնականներում էինք, ինչը սարսափելի էր մեզ համար: Հետո, մրցաշրջանի երկրորդ կեսում սկսեցինք ավելի լավ խաղալ, բախտը մեզ մի փոքր ժպտաց ու արդյունքում հայտնվեցինք Եվրոպա լիգայում: Այս տարի, կարող եմ ասել, որ մրցաշրջանի առաջին կեսը բավականին լավն է, որովհետև մենք դեռ Գերմանիայի գավաթում ենք, Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում ենք, իսկ Եվրոպա լիգայում մրցելու ենք «Պորտուի» դեմ: Փորձելու ենք ու ամեն ինչ անելու ենք, որ ամենաբարձր մակարդակով շարունակենք, որպեսզի նաև պատրաստ լինենք մյուս մրցաշրջանին:

Եվ սա նրա շնորհիվ, որ ամբողջ թիմի խաղն է լավացել: Բայց նաև նրա շնորհիվ, որ Դուք եք շատ ավելի լավ խաղում

-Այո, իհարկե շատ ոգևորված եմ, որ շատ գոլեր եմ կարողանում խփել, շատ գոլային փոխանցումներ կատարել և լավ խաղալ, բայց ես նաև շատ ոգևորված եմ թիմի խաղով: Այս տարի մենք ապշեցուցիչ ֆուտբոլ ենք խաղում, բոլորին սկսել է դուր գալ մեր խաղաոճը ու կարծում եմ, շարունակելու է դուր գալ: Այնպես որ, մոտ ապագայում մեզ համար իսկապես շատ լավ է լինելու:

Առաջին երկու խաղում Դուք ավելի շատ գոլ էիք խփել ու գոլային փոխանցում էիք կատարել, քան ամբողջ նախորդ մրցաշրջանի ընթացքում: Ուստի նաև դրամատիկ, դրական փոփոխություն կա Ձեր խաղում: Դուք ինքներդ ինչպե՞ս եք զգացել այս զարգացումը:

-Նախևառաջ, եթե համեմատենք. անցած տարի ես այսքան շատ բան չարեցի: Հինգ կամ վեց գոլ խփեցի ամբողջ մրցաշրջանում և յոթ գոլային փոխանցում կատարեցի: Այս մրցաշրջանում առաջին մի քանի խաղը իսկապես շատ կարևոր էր ինձ համար, որովհետև գոլ խփելով ու գոլային փոխանցումներ անելով՝ ես ինքնավստահություն ձեռք բերեցի: Ուստի հիմա պիտի այդպես էլ շարունակենք: Ես պիտի այսպես շարունակեմ, որովհետև ես լավատես եմ ու ամեն ինչ անելու եմ լավագույնս դրսևորվելու համար:

Նախորդ մրցաշրջանի վերջում նույնիսկ թիմը լքելու մասին էիք մտածում: Բայց հետո Թոմաս Տուխելը եկավ ու եղավ նաև այն, այսպես կոչված, «հայտնի հեռախոսազանգը» նրանից: Ճի՞շտ է, որ նույնիսկ նախքան մարզումների սկսելը նա զանգել է Ձեզ ու խնդրել մնալ:

-Առաջին անգամ ես նրան մարտին հանդիպեցի, ու նա համոզեց ինձ մնալ: Ես նույնպես ուզում էի մնալ, որովհետև մարդկանց ապացուցելու որոշ բաներ ունեի, ցույց տալու, որ ես արժանի էի այստեղ լինելուն: Այդ է պատճառը, որ փորձում եմ այս տարի էլ մնալ, որպեսզի ցույց տամ բոլոր որակներս՝ օգնելով թիմին շատ խաղեր հաղթել:

Իսկ պարոն Տուխելը վստահաբար գիտեր, որ Դուք ավելին կարող էիք անել: Մենք նրա հետ էլ ենք խոսել ու երբ էլ Ձեր անունը տալիս էր, շատ էր ոգևորվում ու ամենալավ բաներն ասում Ձեր մասին: Պիտի որ ինչոր առանձնահատուկ բան էլ լինի ձեր երկուսի միջև, այնպես չէ՞:

-Այո, իհարկե, մենք լավ շփում ունենք և շատ ուրախ եմ, որ նրա հետ աշխատելու հնարավորություն ունեմ: Որովհետև իսկապես, մեր առաջին զրույցի ժամանակ նա ինձ ասաց. «Միկի՛, ես կարող եմ քեզ բարձրակարգ խաղացողի մակարդակի հասցնել»: Եվ այո, մի կողմից կասկածներ ունեի դրա հետ կապված, որովհետև ես իսկապես վստահ չէի, որ վատ մրցաշրջանից հետո նա կարող էր ինձ բարձրակարգ խաղացող դարձնել: Բայց նա արեց դա ու ես երախտապարտ եմ նրան:

Ի՞նչ է անում նա:

-Նա ուղղակի քեզ անհրաժեշտ վստահություն է տալիս ու թույլ է տալիս անել այն, ինչ կարող ես: Ու դա է ամբողջ պատճառը, որ թիմի բոլոր խաղացողները փայլում են այս տարի:

Որովհետև նա զրուցում է Ձեզ հետ

-Ոչ միայն ինձ հետ: Նա խոսում է բոլոր խաղացողների հետ և ճիշտ զրույցներ է վարում նրանց հետ: Շատ խորհուրդներ է տալիս: Նա կարող է ասել, որտեղ ես ճիշտ, որտեղ սխալ, հետո դու սկսում ես մտածել այդ ամենի մասին ու վերջում հասկանում,որ նա ճիշտ էր:

Նա ի զորու՞ է համոզել, որ ավելի երկար մնաք:

-Հուսով եմ: Եթե նա արել է առաջին քայլը, ինչու՞ երկրորդը չանի:

Որովհետև ավելի շատ շշուկներ են պտտվում, որ լքելու եք ակումբը

-Ոչ… դրանք շշուկներ են, պարզապես շշուկներ: Դա է ճիշտը:

Եկեք ավարտենք առաջ հայացքով: Եթե նայեք, մրցաշրջանի երկրորդ հատվածին, որտե՞ղ եք տեսնում Դորտմունդին: Ի՞նչ եք ակնկալում:

-Ուզում եմ մեզ ամենաբարձր տեղերում տեսնել, որովհետև, իսկապես, այսպիսի ֆուտբոլով մենք արժանի ենք ամենաքիչը երկրորդ հորիզոնականին: Ամենաքիչը:

Մենք պայքարելու ենք եկող տարի Չեմպիոնների լիգայում տեղ գտնելու համար, հետո վերադառնանք Բեռլին DFB-Pokal-ի համար, Եվրոպա լիգայում էլ հնարավորինս առաջ գնանք:

Նախորդ հոդվածը‘Australian Open. Մարգարիտա Գասպարյանը կմրցի Սերենա Ուիլյամսի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Australian Open». Գոֆենը՝ օրվա լավագույն հարվածի հեղինակ (տեսանյութ)’