‘Մկո (Մկրտիչ Արզումանյան). Այնպիսի տպավորություն է, որ մենք Չեչնիայում ենք ապրում’

2917

2003 թվականին եթերում հայտնվեց «Կարգին հաղորդումը», որն իր ֆորմատով, ոճով, լեզվով, դերասանական խաղով, երաժշտական ձևավորմամբ նորույթ էր հայ հեռուստադիտողի համար:

Հարցազրույց «Կարգին հաղորդման» Մկոյի (Մկրտիչ Արզումանյան) հետ:

— Մկո, երկար տարիներ է` եթերում եք: Այս տարիներին բազմաթիվ հաղորդումներ ստեղծվեցին, բայց Ձեր ծրագրերը միշտ իրենց ուրույն տեղն ունեցան: Գաղտնիքը ո՞րն է:

— Դա  առաջին հերթին՝ կապված է մեր աշխատասիրության հետ: Բացի այդ` մեզ համար կարևոր է ինչ-որ նախագիծ սկսելուց առաջ այն լավ ուսումնասիրել, վերլուծել և համոզված լինել, որ մեր ուժերը բավարար կլինեն այն իրականացնելու համար: Պետք է կարողանաս որակը պահել, ընդ որում` ոչ թե նույն գծի վրա, այլ ամեն անգամ ավելի բարձրանալ, գլոբալ փոփոխություններ անել, որպեսզի հեռուստադիտողի համար նորություն լինի:

— Ո՞ր տարիքային խմբի մարդիկ են Ձեր լսարանը կազմում:

— «Կարգին հաղորդման» դեպքում լսարանը շատ մեծ էր: Մեզ դիտում էին շատ փոքր տարիքից սկսած՝ մինչև բավականին մեծ տարիքի մարդիկ: 2003 թվականին չկային նմանատիպ այլ նախագծեր, որոնք այդքան մեծ լսարան ունենային:

Անեկդոտից ուժեղ բան չես կարող մտածել. այն ունի իր սկիզբը, ընթացքը և ուժեղ ավարտը, պարզապես այն պետք է ճիշտ մատուցել` թե՛ նկարահանման առումով, թե՛ երաժշտական ակցենտներով, և այլն:

Սերիալի ֆորմատն էլ էր շատ հետաքրքիր: Մենք երկար ժամանակ ուսումնասիրում էինք ֆորմատի նրբությունները: Փորձը ցույց տվեց, որ այն ևս շատ հետաքրքիր նախագիծ է:

Բնականաբար, սիրում ենք այն ամենը, ինչ անում ենք, կարծես դառնում է մեր երեխան: Դու նրան պետք է անընդհատ պահես, մեծացնես, փայփայես, ճիշտ գծերի վրա դնես: «Աձիկի»  կերպարն ինձ համար ամենասիրելի կերպարներից է: Նրան շատ բարդ է խաղալը, և ես դրանից հաճույք եմ ստանում:

— «Կարգին հաղորդումը» կարծես  ավելի հեշտ մարսելի է, քան «Կարգին սերիալը»:

— Հեշտ մարսելի է այն առումով, որ եթե անեկդոտի սկիզբը չտեսնես, կեսից նայես, ապա կհասկանաս՝ խոսքն ինչի մասին է: Սերիալի կառուցվածքն այնպիսին է, որ հնարավոր է՝ սկզբում ինչ-որ գործողություն կատարվի, որը սերիալի վերջում է «աշխատելու», և դու այն չտեսնելով` չհասկանաս, թե ինչի՞ մասին է խոսքը:

— «Կարգին հաղորդման» նկարահանումները ե՞րբ կվերսկսվեն:

— Ճիշտն ասած` մոտ ապագայում ցանկանում ենք մշակումները սկսել: Երկար տարիներ եթեր հեռարձակելուց հետո` պետք է նոր շնչով եթեր մտնենք: Պետք է շատ ուժեղ պատրաստվենք: Չեմ կարող ասել, թե երբ կլինի, բայց եթե ամեն ինչ լավ լինի, ապա մյուս տարվա աշնանը եթեր կմտնի: Իսկ եթե հեռուստաեթեր շուտ մուտք գործելը որակի վրա ազդի, ապա կմտնենք այն ժամանակ, երբ որակապես լավ պատրաստ կլինենք:

— 2003 թվականից «Կարգին հաղորդումը» եթերում է, թեմայի փոփոխություններ են եղել, բայց մինչ օրս էլ շարունակում են արդիական լինել:

— Բնականաբար, այս տարիների ընթացքում և՛ թեմաներն են փոխվել, և՛ հումորի որակը, և՛ ոճը: Ամեն ժամանակ իր պահանջներն ունի: Մենք փորձել ենք այնպիսի հումորներ պատրաստել, որոնք բոլորին հասանելի կլինեն և երկար տարիների կյանք կունենան:

— Դուք նաև քաղաքական հումորներ էիք անում, բայց շատ կոլորիտային էիք ներկայացնում, որը դիտելիս քաղաքական գործիչը կարող էր և՛ գլխի ընկնել, որ խոսքն իր մասին է, և՛ հնարավոր է` գլխի չընկներ: Երբևէ ինչ-որ խնդիրներ ունեցե՞լ եք քաղաքական հումորի պատճառով:

— Շատ լավ հարց եք տալիս: Երբևիցե ոչ մի խնդիր չենք ունեցել, որովհետև մենք ամեն ինչ արել ենք չափի մեջ և կոռեկտ: Կարծում եմ` մի անձի վերաբերյալ հումոր անելու դեպքում այնքան համով պետք է մատուցես այն, որ նույն մարդը տանը նստած ծիծաղի, ոչ թե լարվի, նեղանա և ուզենա քեզ վնաս տալ: Եթե արվեստի մեջ ես, ապա պետք է բարձրաձայնես այն խնդիրների մասին, որոնք տեսնում ես: Պետք չէ բերանը փակել և սպասել, թե ի՞նչ կկատարվի շուրջը: Ցանկացած նորմալ երկրում այսպես է` արվեստի մարդն ազատ մարդ է, ինքը պետք է արտահայտվի:

— Նկարահանման ընթացքում իմպրովիզացիաների հնարավորություն ունենո՞ւմ եք, թե՞ հետևում եք սցենարին:

— Նկարահանման հրապարակում են շատ բաներ ծնվում: «Կարգին հաղորդման» դեպքում, ժամանակի սղության պատճառով, մենք հաճախ գրիմի ժամանակ էինք դիալոգները կառուցում: Նույն դպրոցն անցան նաև մեզ հետ աշխատող մյուս դերասանները` Արմինե Պողոսյանը, Աշոտ Մելոյանը, Հասմիկ Ղարիբյանը, և այլք:

— Հայկական հումորային այլ հաղորդումներին հետևո՞ւմ եք: Որակապես ինչպիսի՞ն են:

— Չես կարող չհետևել, թե շուրջդ ի՞նչ է կատարվում: Կապ չունի՝ լա՞վն է, թե՞ վատը, պետք է անպայման դիտես, որ թեմայի մեջ լինես: Եթե վատն ես տեսնում, ուրեմն հետո պետք է նայես, և տեսնես` այն շտկո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե մի քանի հաղորդում հետո տեսնում ես, որ ոչ մի սխալ բան չի շտկվում, ապա սկսում ես ժամանակդ ափսոսալ:

Այսօրվա հումորային հաղորդումների վրա տարբեր թիմեր են աշխատում, ամեն մեկն ունի իր լսարանը: Բնականաբար, ոչ բոլորն են իմ տեսանկյունից լավ հումորներ անում: Բոլորին շատ լավ ճանաչում եմ, գիտեմ, թե ո՞վ, ինչպե՞ս, ինչի՞ համար է աշխատում: Կուզենայի ոչ թե քանակի, այլ որակի ավելացում տեսնել: Արտասահմանում, օրինակ, սերիալը շաբաթական մեկ անգամ է եթեր հեռարձակվում: Հումորային մեկ սերիան տևում է ընդամենը 20-25 րոպե: Հեռուստաընկերության ողջ ուժերը լարված են այդ 25 րոպեն ապահովելու վրա: Մենք անմարդկային ուժերով սերիալը երկու անգամ եթեր հեռարձակեցինք, չնայած մեկ անգամ պետք է եթերում լիներ: Մեկանգամյա հեռարձակման դեպքում որակն էլ ավելի կլավանա, նկարահանման համար ավելի երկար և մանրակրկիտ աշխատանք կտարվի և սցենարիստներն էլ բավարար ժամանակ կունենան ավելի լավ սցենարներ գրելու համար:

— Ձեր ընտանիքի անդամները դիտո՞ւմ են Ձեր հաղորդումները:

— Բնականաբար, դիտում են ու ամենամեծ քննադատները նրանք են: Ինչ մտածում են` ասում են, ոչ մի բան չեն թաքցնում: Ամեն եթերից հետո զանգահարում են ու ասում` այս մասը լավ էր, այս մասը` ոչ, և այլն: Ինչ ասում են` տեղին են ասում:

— Կցանկանա՞ք, որ Ձեր երեխաները դերասան դառնան:

— Նրանք պետք է որոշեն, մենք էլ հնարավոր ամեն ինչ անենք, որ իրենց երազանքներն իրականանան:

— Նրանց նկատմամբ խի՞ստ եք:

— Երբ պետք է լինում, բնականաբար, խիստ եմ: Եթե երեխան չարություն է անում, պետք է ասես, որ այն երեխայի մոտ, այսպես ասած, «մազոլ» չդառնա:

Այսօր երեխաներն, ի տարբերություն մեզ, ինֆորմացիայի շատ մեծ ծավալ են ստանում: Սա պետք է հաշվի առնենք և երեխաներին այնպես դաստիարակենք, որ կյանքի ընդհանուր ռիթմից հետ չմնան, բայց միևնույն ժամանակ՝ սահմանը չանցնեն, որովհետև այնտեղից այլևս չեն կարող հետ գալ:

— Արգելո՞ւմ եք որոշ հաղորդումներ դիտել:

— Մի դեպք պատմեմ. մեկ տարի առաջ քնիցս արթնացա այն պահին, երբ աղջիկս պատրաստվում էր դպրոց գնալ: Նա միացրել էր հեռուստացույցը և հենց այդ պահին, երբ նա պատրաստվում էր դպրոց գնալ, սերիալներից մեկում մի մարդ իրեն կախեց: Երբ երեխան դա տեսավ` ես անբացատրելի զգացում ապրեցի: Սերիալը ստեղծողներն ամեն ինչ անում են, միայն թե այն նայվի, և չեն մտածում, որ տարբեր տարիքի մարդիկ են իրենց ստեղծածը նայում: Ցույց են տալիս, թե ինչպես են դպրոցի մոտից երեխայի գողանում: Այնպիսի տպավորություն է, որ մենք Չեչնիայում ենք ապրում: Այդ դեպքերը, գործողությունները երեխաների մեջ տպավորվում են:

Մի սերիալում կրկնում են նույն գործողությունները, որոնք կատարվել են մեկ այլ սերիալում, որ հանկարծ նրանց «ռեյտինգը» չընկնի: Եթերում անառողջ պայքար է գնում, ընդ որում` ոչ թե որակի, դերասանական ճիշտ խաղի, խոսքի, այլ արյան, դաժանության, լացուկոծի հաշվին: Ես իմ երեխաներին փորձում եմ արգելել նմանատիպ սերիալներ ու հաղորդումներ դիտել: Շատ հաճելի, պայծառ հաղորդումներ կան, երեխան առողջ հաղորդումներ պետք է դիտի:

168.am

Նախորդ հոդվածը‘«Վնուկովո» օդանավակայանում ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլի առջև «ծայրահեղական» պաստառ են կախել’