‘Մհեր Արշակյան. Արտագաղթելու մուննաթը’

2280

Նախկինում Հայաստանի քաղաքացին այնքան սահուն էր արտագաղթում։ Այսօր նա արտագաղթում է մուննաթով։ Նախկինում նա նույնիսկ իր խուճապն էր լռությամբ տանում։ Այսօր նախ պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալիս, հետո հավաքում է իրերը։ Արտագաղթելու սպառնալիքը դարձել է հարցեր լուծելու հրավեր՝ չլուծեցիր, վեշերս հավաքելու եմ, գնամ։ Սերժ Սարգսյանի առանձնատան դեմ բողոքող քաղաքացին բղավում է՝ կա՛մ հարցերս լուծեք, կա՛մ բաց թողեք, գնամ որևէ դեսպանատնից ապաստան խնդրեմ։

Ոչ մի կասկած, որ Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն վստահություն չի ներշնչում, քաղաքացին չի կարողանում իշխանություն ձևավորել, կոռումպացված մեկի ձեռքը բռնել։ Դիցուք, Վերահսկիչ պալատն օֆշորային նոր սկանդալ է նետել ասպարեզ ֆինանսների նախկին նախարարի կամ նախարարության մասնակցությամբ, բայց ո՛չ ԱԱԾ-ից է ծպտուն լսվում, ո՛չ ՀՔԾ-ից, ո՛չ էլ դատախազությունից։ Ոչ թե չեն ուզում նախկին պաշտոնյայի վրա գործ սարքեն, այլ ցույց են տալիս, որ անպատժելիության երաշխավոր են։ Սա հասկանալի է, Գորիկ Հակոբյանի կամ Գևորգ Կոստանյանի փոխարեն ես էլ նույնը կանեի, եթե լինեի այս համակարգի ներկայացուցիչ։ Բայց խնդիրն այն է, որ քաղաքացին է վերածվել համակարգի ներկայացուցչի: Նա, այսպես ասած, կուտը կերել է։ Ինքը իշխանությունից պատասխան չի պահանջում, քիչ չէ, դեռ սպառնում է, որ «վեշերը» հավաքելու է, գնա։

Թվում է, թե կարելի է հասկանալ քաղաքացուն՝ ո՞վ կարող է երկիր հոշոտող այս իշխանության բկից բռնել։ Եվ քանի որ չի կարող բռնել, հո այս իշխանության գերի՞ն չէ, թողնում, գնում է։ Սա հասկացանք։ Հասկացանք նաև, որ անաղմուկ հեռանալը բողոքի ձև չէ։ Մարդիկ հեռանալուց առաջ աղմկում են, ինչպես ուրիշներն են ինքնասպանություն գործելուց առաջ գրություն թողնում։ Այսինքն, «քաղաքական» քայլ են կատարում, ոչ մեկի մոտ հարցեր չպետք է մնա, մարդիկ պետք է իմանան, թե ինչու է սիրած տղային կորցրած աղջիկն ինքնասպանություն գործում, պետք է իմանան, թե ինչու է իր բնակարանը դատական երեք ատյաններում տանուլ տված ընտանիքը մնացած իրերը հավաքում ու գնում։

Հեռացողների պարագան հասկանալի է՝ նրանք սպառնացին և իրենց սպառնալիքն իրականացրեցին՝ մեզ թողնելով արտագաղթի քարոզչությունը։ Սակայն արտագաղթի քարոզչությունն ամբողջական չի լինի, եթե հեռավոր ափեր հասաած քաղաքացին Skype-ով չպատմի, թե ինչքան է փոխվել իր կյանքը, իսկ այստեղ մնացած քաղաքացին էլ ամեն անարդարության հանդիպելով՝ փողոց դուրս չգա ու չասի, որ էսօր-էգուց արտագաղթում եմ։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է արտագաղթելու մուննաթ։

Ո՞րն է արտագաղթելու մուննաթի և հնազանդ քաղաքացիության տարբերությունը՝ ոչ մի, եթե նրանց մեջ պետություն չկա։ Հնազանդությունը լավ է տարածության մեջ, երբ ուրիշի իշխանության գերին չես։ Որովհետև հնազանդությունը դառնում է քո ընտրությունը պետության մեջ քաղաքացի լինելու։ Երբ պետությունը հանում ես, բայց ուզում ես քաղաքացի լինել, ծնվում է արտագաղթը։

Շարունակությունը` Սիվիլնեթում

 

Նախորդ հոդվածը‘The Times. Ռուսաստանը չի տեսնի «Կարապի լճի» գեյ-տարբերակը’
Հաջորդ հոդվածը‘ Մատյուդի. Ֆավորիտը Գերմանիան է, սակայն խաղի ընթացքում ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ’