‘Մհեր Արշակյան. Բորենիների «շկոլան» (Սիվիլնեթ)’

8959

ՀՀԿ-ն որոշել է կուսակցական դպրոց հիմնել: Որ մարդկանց ծանոթացնի կուսակցության գաղափարներին: Դպրոցն ի՞նչ է՝ որակավորման հարթակ: Սովորում ես, հետո գնում ես բուհ, մտնում ես կյանք և օգտակար լինում բոլորին: Կյանքի ամեն կետում կրթությունը որակավորում է քեզ: Ճիշտ է, բացառված չէ, որ նաև մարդ կսպանես: Որովհետև կրթության և անհատական որակների բախումը միշտ անհատական որակների օգտին է: ՀՀԿ-ն իր «անհատական որակը» կռվացրել է կաշառք չվերցնողների, չքծնողների սոված աչքերի հետ: Եվ որոշել է բացել կուսակցական դպրոց: Մարդը, խոսք չունեմ, կարող է սոված լինել նաև հիմարությունից: Նաև՝ այն բանից, որ ձեռքը քծնանքի միջավայրին չի հասնում: Նաև, որ համապատասխան չարության մեջ չի մեծացել: Նաև՝ որ իր շրջապատում լավ ապրող տականքներ չեն եղել: Նաև՝ որ իր «անհատական որակներից» ոչ մեկում հացը մեծամասնություն չէ:

Ի՞նչ է կուսակցական դպրոցը: Ընդհանրապես, մենք կարիք ունե՞նք կուսակցական դպրոցների: Չեմ ուզում հիշեցնել խորհրդային պարտշկոլան, որ կարիերայի առաջին անվերապահ ցատկահարթակն էր: Այն ժամանակ Աստված չկար, բայց նրա մարգարեն կոմունիստական կուսակցությունն էր: Հիմա էլ չես ասի, թե Աստված կա, բայց նոր մարգարե է ուրվագծվում՝ Սերժ Սարգսյանը: Այս «մարգարեն», հիշում եք, մուրացիկ կնոջ աչքերի մեջ նայելով ասում էր՝ եկել ես մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես: Այս մարգարեն դատարանից անիրավված ծեր մարդու աչքերի մեջ նայելով՝ ասում էր՝ այո, մենք դատարաններ չունենք: Ուրիշ ինչպե՞ս մարդկանց հասկացնես քո «ընտրյալությունը», երբ փոխարինում ես ինստիտուտին: Դատարան չունեմ, բայց ես կփոխարինեմ քո «արդար դատին»: Սահմանադրություն կփոխեմ առանց քաղաքական ուժերի ու հասարակության կարծիքը հարցնելու, ընտրություններ կկեղծեմ:

Ուշադրություն դարձրեք, այն ամենը, ինչ արել են, հակամետ է հենց «դպրոցի» ավանդական ընկալմանը: Հույն փիլիսոփա Սոկրատեսն իր հունական գերեզմանում, Տոլստոյը, մեր Մաշտոցն ու Թումանյանն արդեն մի ուրիշ անհարմարության մեջ են: Իրենք դպրոցի մասին այլ կարծիքի էին: Ու որոշել են դպրոց բացել: Նույնիսկ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն է հասկացել սրա անհեթեթությունը: Շնորհակալ լինենք, որ կուսակցական մանկապարտեզ չեն բացել:

Քանի դեռ Աստված չկա, մարդը պետք է «արարվի» կերպարով այն բարության և սիրո, որով շրջապատվել է: ՀՀԿ վերնախավը, ըստ ամենայնի, արարվել է կուսակցական գաղափարներով: Որովհետև սերը և բարությունը մարդն ստանում է այնպես, ինչպես՝ մոր կաթը: Իսկ կուսակցական գաղափարները, ինչպես՝ կաշառքը: Բարության դպրոցներ աշխարհում չկան: Որովհետև կան հանրակրթական դպրոցներ, որտեղ ծանոթանում ես Թումանյանի, Չեխովի, Էքզյուպերիի գործերին: Կուսակցական դպրոցում գաղափարներն այնքան կոնկրետ են, որ կարող են բախման մեջ գտնվել նույն Թումանյանի, Չեխովի կամ Էքզյուպերիի մտքերի հետ: Կուսակցական դպրոցի ուսանողի երազում նոնսենս է «ո՞նց էր համը իմ ձագի» հարցադրումը: Որովհետև էդ դպրոցը մի համի կռիվն է մյուսի հետ: Կուսակցական դպրոցը աղանդ է, որը միշտ կռիվ ունի այլ կուսակցությունների կամ գաղափարների հետ: Ի՞նչ պիտի ուսուցանեք՝ որ «կեցությու՞նն է որոշում գիտակցությունը» կամ «որտեղ հաց, այնտեղ կա՞ց»:

Նժդեհը, գիտե՞ք, ինչ է ասել՝ հայը պատճառ չունի կուսակցականանալու, հայը կուսակցականանալու նաև իրավունք չունի: Էս ձեր Նժդեհն է ասել: Կսովորեցնե՞ք: Դպրոցների «ստավկան» կուակցությունները չեն, ընկերնե՛ր, աղետներն են: Նախ չկրթվածն ինքնին աղետ է, երկրորդ, ջրհեղեղի ժամանակ օգնե՞լ, թե՞ չօգնել անծանոթին, կամ՝ փողոցում աջակցե՞լ կույրին, թե՞ թողնել վարորդների քմահաճույքին, կամ երկրաշարժի ժամանակ ձեռք մեկնե՞լ անտուն մնացածին:

Շարունակությունն` այստեղ

Նախորդ հոդվածը‘Պալմիրան ազատագրվել է’
Հաջորդ հոդվածը‘Շիրմաքար՝ Դոնալդ Թրամփի համար’