‘Մհեր Արշակյան. Եթերի մսացուն. Սիվիլնեթ’

4358

Ուժայինների երեխաները երեկ խմել են Սերժ Սարգսյանի կենացը, մաղթել, որ «միշտ հարուստ լինի, չմահանա ու միշտ ինքը մնա նախագահ»: Հետո երեք փոքրիկ տղաներով հատուկ ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաալիքի համար խմել են «նախագահի կենացը»: Լավ, երեխաներ ջան, «նախագահի կենացը»: Ձեր տանը գրքեր կա՞ն, թե՞ միայն ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաալիքն է աշխատում: Խմում եմ ձեզ հետ միասին, փոքրիկ զինվորնե՛ր, ինչպես ձեր մասին սիրում են ասել ոչ ձեր մայրերը: Որովհետև այս պետության կռիվը ձեր զուլալության հետ չէ: Որովհետև ձեզ համար կենաց խմելը մանկական խաղ է, ինչպես «կռիվ-կռիվը»: Դուք «թուրքի» տեղը գիտեք, որն այնտեղ չէ, որտեղ կենաց եք խմել: Ամեն ինչ լավ է:

Բայց նա, ով ձեր էդ մանկական խաղը եթեր է հեռարձակել որպես հայրենի մանկության համակրանքի ճիչ առ «նախագահը», այ նրա հետ հաստատ պետք է խոսել: Նրան պետք է ոտքով ուղարկել Աշոցք, գյուղերով զբոսնի, իր բնական միջավայրում խոսի գոնե մեկ երեխայի հետ հատուկ ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաալիքի համար և նախատեսված օրը,- ոչ մի վայրկյան շուտ, որպեսզի հնարավորություն չունենա գլուխը բռնած փախչելու,-վերադառնալ Երևան: Ու պահանջել, որ վերադարձին դեմքին ժպիտ լինի: Պահանջել, ոչ թե հուսալ: Որովհետև հուսալ, կնշանակի, որ էդ «Մագելանի ճանապարհորդությունը» բովանդակային էր: Ինչու՞ պետք է այսպես վարվել էս ռեպորտաժի հեղինակի կամ, թերևս, «Արարատի» ղեկավարության հետ, որովհետև լրագրողից ոչ մի ջանք չի պահանջվել, որ հասնի նախագահի նստավայր, անի հիշյալ հիմար նկարահանումը ու կրկին ավտոմեքենայով վերադառնա ՀՀԿ գրասենյակի նկուղ հաղթականորեն հեռարձակելու «նախագահի կենացը»:

Իրականում ես չեմ կարծում, որ լրագրողը հաճույք է ստացել էս ռեպորտաժից: Հավատացե՛ք ինձ, հազիվ թե ուզենար, որ իր բալիկները նման կենաց խմեին: Կամ, եթե այդ երեխաները նրա կամ նրա եղբոր բալիկներից մեկն էին ու բնավ դեմ չէր, որ իր կամ իր եղբոր արյունը նման բաներ ասի, մեկը պետք է նրա ականջին շշնջա՝ Կառլ, էդ երեխաները մեծանալու են: Եվ երբ պատմության դասագրքերը մի տասը տարի հետո կպատմեն ամբողջ ճշմարտությունը Սերժ Սարգսյանի մասին, էդ երեխաները դեռ ճակատ չմեկնած, դեռ բանակ չգնացած, կտեսնեն, որ «թուրքի» հետ իրենց կռիվը պարտվել են դեռ էն ժամանակ, երբ ընդամենը «կռիվ-կռիվ» էին խաղում:

Դուք, այ …, դուք չե՞ք հասկանում՝ ինչ եք անում: Նրանք երեխաներ են, դուք շահագործել եք նրանց թոթովանքը, դուք ոտքի վրա «մեծացրել» եք նրանց որպես էս պետության խայտառակություն: Ձեզ ո՞վ է աշխատանքի ընդունել: Ձեր ձեռքն ո՞վ է խոսափող տվել, այ …, հասկացաք: Էս պետությունն առաջ է գնում իբր, բայց այսօրվա ռեպորտաժը ոչնչով չի տարբերվում մոտ հինգ տարի առաջ Հովիկ Աբրահամյանին բանաստեղծություն ձոնած երեխայի ուսուցիչների պահվածքից:

***

Նույն օրվա իրիկունը մի լուսանկար հրապարակվեց՝ Սերժ Սարգսյանը երեխաների հետ: Ամանորյա ընդունելության լուսանկար է, զինծառայողների նույն երեխաներն են: Իսկ նախագահի կայքում այդ լուսանկարը չկա, փոխարենը կա նույն ընդունելությունից 24 այլ լուսանկար: Էդ մեկը, որը կայքում չկա, դաժան լուսանկար է՝ Սերժ Սարգսյանը դրանում ժպտում է, մինչդեռ նրան շրջապատած երեխաներից ոչ մեկը, բացառապես ոչ մեկը, Կառլ, չի ժպտում: Տասը երեխայի դեմք է երևում: Եվ ոչ մեկը չի ժպտում: Իսկ էն 24 լուսանկարում, մտեք և հաշվեք, թե քանիսն են ժպտում: Չեք կարող, որովհետև հարյուրավոր երեխաներից հինգի ժպիտը արդեն վիճակագրություն չէ, այլ կոնկրետ քրեական հանցանք: Եվ այն լուսանկարը, որ պաշտոնական կայքում չկա, թեպետ արվել է «երկրի թիվ մեկ ֆոտոխցիկով», Ֆեյսբուքում է: Անժպիտությունն այնտեղ մեծամասնություն է, հասկանու՞մ ես, Կառլ:

Դու մնա նախագահ, դու եղիր երեխաների հույսը: Բայց էդ երեխաները չեն ժպտում, իրենք շրջապատված են հույսով ու չեն ժպտում, հասկանու՞մ ես, Կառլ, այդպես լուսանկարվում են սեփական տան ավերակների մոտ: 

Շարունակությունն` այստեղ

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Էսքան ուրախ կյանքը մեզ արդյոք ո՞վ է նվիրել»’
Հաջորդ հոդվածը‘Սահմանին զինվոր է զոհվել ‘