‘Մհեր Արշակյան. Հակահեղափոխության նոխազը կամ «Տրոյական ձին»’

4076

Քոչարյանին վատ չի հաջողվում ժողովրդին «համախմբել» իր ահաբեկող ուրվականի դեմ: Գուցե նույնիսկ դիտավորյալ է մեյդան ընկել: Որովհետեւ գիտի, որ հաստատ ընդդիմադիր առաջնորդ չի դառնալու: Ուղղակի մարդկանց ներվերի հետ է խաղում: Գուցե ինչ-որ հաշվարկներից մեկի մի օղակն է ու մեզնից լավ գիտի, որ իր աստղը ինչ-որ օտար երկնքի հովանավորության տակ է: Ես չգիտեմ, թե իր թթվածինը ումի՞ց եւ որտեղից է վերցնում այս մարդը: Որովհետեւ նա ավելի շատ օժտված է «քաղաքական մեռելի» կենսունակությամբ:

Բայց ահա թե ինչն է հարցը: Քոչարյանն ինքն էլ ըստ երեւույթին չի հասկանում, թե ինչպես է օգտագործվում ինչ-որ ուժերի կողմից, որոնք նրանով չափում են նոր իշխանության հանդեպ ժողովրդի վերաբերմունքը: Քոչարյանն ամենասարսափելին է ընկալվում Հայաստանը թալանած մյուս նախկիններից, նա ի վերջո արյուն էլ է թափել: Քոչարյանը դառնում է մի մարդ, որը սպունգի նման սկսում է իր վրա հավաքել նախկինների ամբողջ անբարոյականությունը: Գալու է օրը, ըստ նրանց, երբ Քոչարյանից բացի ուրիշ ոչ մեկն այլեւս չի հիշվի, որպեսզի նրան էլ հեռու պահենք ապագայում իշխանություն ունենալու մղումներից: Քոչարյանը նոր քաղքենիների «Տրոյական ձին» է, որով նրանք մոտենալու են իշխանությանը։ Քոչարյանը նրանց մահապարտն է, նրանց՝ «Հունան Ավետիսյանը», որն իրենով պետք է փակի դեպի ՀՀԿ գնացող անհանդուրժողականությունն ու վատ օրերի ծանր հիշողությունը:

Քոչարյանն այն մարդն է, որը պատմության թատերաբեմից պետք է մաքրի վերջին 10 տարին, ինքը պետք է դառնա այն մարդը, որի հեռանալու օրվանից մինչեւ հեղափոխության հաղթանակի օրը, — մի քիչ չչափազանցե՞նք, — նույնիսկ դասագրքերից կարող է մաքրվել, որպեսզի էդ 10 տարվա երկրորդ էշելոնը, համեմատաբար «գաղափարականացված», կարողանա հավակնել իշխանության: Քոչարյանը ինքը հակահեղափոխությունն է, բայց կա մի ուրիշ՝ խորքային կամ ստվերային հակահեղափոխություն, որը չի երեւում հենց Քոչարյանի չափազանց «պայծառ» սարսափելիության պատճառով: Որովհետեւ բոլորը մտածում են, որ բոլոր փորձանքները, մեկ է, սրանից են գալու: Հասկանու՞մ է սա այդ մարդը. վայ թե՝ չէ, կամ դա կառավարել չի կարող: Բացառված չէ նույնիսկ, որ իր լրատվամիջոցներով փայփայում է այս մարդկանց: Այս մարդն իր էությամբ նոխազ է, նույնիսկ չի պատկերացնում, թե ինչպես է ախորժակ «կրթում»:

Եվ այդ ամենը ինչի՞ համար: Որպեսզի, երբ իր զոհաբերությունն ավարտվի, իր փլատակների վրա բարձրանան մյուսները՝ պակաս արյունարբուները, որոնք գիտեն ինչպես վարվել իշխանության հետ առանց ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի սխալներն անելու: Դրա համար նրանք իրենց հերթին Քոչարյանին համոզում են, որ այս մարդն իրենով մարմնավորում է Ղարաբաղի ազատատենչ պայքարը. եւս մեկ շտրիխ նրան, ներողություն ձեւակերպման համար, փուռը տալու տրամաբանության մեջ: Բայց ինքը ոգեւորվում է, ինքը ծափահարում է այս տրամաբանությունը, որովհետեւ ե՞րբ է այս մարդը երկար մտածել փառաբանությունների մեջ: Այնպես որ Քոչարյանը մտածել պիտի սովորի ուզած թե չուզած, անկախ նրանից՝ ուշ է սովորելու համար, թե՝ ոչ: Այս ամենից կենդանի պրծնելու հարց է:

Նախորդ հոդվածը‘«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրեական գործի նախաքննությամբ բազմաթիվ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել. ՀՀ դատախազություն’
Հաջորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս»․ Սերենա Ուիլյամսի հաղթական մեկնարկը’