‘Մհեր Արշակյան. Համախմբման մասին’

2320

Ներկայացնում ենհք Civilnet.am-ի հեղինակ Մհեր Արշակյանի «Համախմբման մասին» հոդվածը

Սոցիոլոգներն աշխուժանում են՝ Սերժ Սարգսյանի վարկանիշը Սոչիից հետո բարձրացավ: Իբր ինքը ուժեղ դիրքերով գնաց Սոչի: Իբր Իլհամ Ալիևը կուռկուռի ձագ էր դարձել: Իբր հայկական բանակը պարզերես արեց մեր երկրի ղեկավարին Սոչիում:

Եթե ճիշտ է, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը Սոչիից հետո բարձրացել է,- իսկ սոցիոլոգներից ոչ ոք այդպես էլ որևէ փաստական տվյալ չմեջբերեց,- նշանակում է՝ պետության գործերն ավելի վատ են: Այս պետության վրա ինչ կեղտ ասես կարելի է լցնել ու դա մաքրել բանակով: Հասկացանք, որ մարտի 1-ից հետո առաջին անգամ բանակն այս ամռանը հասարակությունից լեգիտիմության տրանշ ստացավ: Այսինքն, հաջորդ մարտի 1-ին ինքը զենքը չի ուղղի հասարակության կողմը: Դա հասկացանք: Բայց այս ամենի հետ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը: Ասում են՝ ամբողջ ժողովուրդը համախմբվեց բանակի շուրջ: Ըստ իս, չհամախմբվեցին, մարդիկ, ավելի ճիշտ իշխանության միջին և շարքային օղակները, այսինքն, ընտրություններում իշխանության «լեգիտիմ» էլեկտորատը պարզապես պապանձվեց՝ հասկանալով, որ պատերազմն առավել կառարկայանա հենց իր քթի տակ: Նրանք պարզապես բանակին չխանգարեցին: Համախմբումը չխանգարելն էր: Դա փաստ է: Ոչ ոք չխանգարեց: Որովհետև չէր էլ հասկացվի Երևանից խանգարելը: Ո՞վ պիտի խանգարեր: Ծնո՞ղը, որի որդին բանակում է, թե՞ ընդդիմադիր գործիչը, որը պայքարում է, որ բանակն անի իր գործը, իսկ քաղաքական գործիչը՝ իր: Խանգարել հնարավոր է Եհովայի վկաների նման՝ գնալ սահման ու բոլորին կոչ անել թողնել զենքերը: Համախմբումը իշխանության հեքիաթն է: Համախմբվում են թշնամիները, ասենք, հայն ու ադրբեջանցին: Համախմբվում են օրենքով գողերը, երբ կորցնում են բիզնեսի վրա ունեցած ազդեցությունը պետության հետ հարաբերություններում: Իսկ մենք պետություն ենք: Ծայրահեղ դեպքում այդ օրերին իշխանությունն է համախմբվել հասարակության շուրջը, որի՝ մինչև մարտի 1-ը, լեգիտիմ ներկայացուցիչն էր բանակը: Մեր միջի գողը իշխանությունն է, էդ ինքն է գնացել բանակի դուռը և նրանից ողորմացել ազդեցության փայաբաժին: Սեյրան Օհանյանը պարզապես չի հրաժարվել այդ փայաբաժինը տալ: Իսկ հասարակությունը չի խանգարել:

Եվ, ընդհանրապես, ի՞նչ է նշանակում համախմբվել բանակի շուրջ, որտեղ հազարավոր ծնողների որդիներն են ծառայում: Ինչպե՞ս կարող է մայրը որդու շուրջ համախմբվել: Իշխանությունը պետություն է փչացրել, դրա մեջ ներքաշել է բանակին ու, երբ հասկացավ, որ հենց իր գործերը լավ չեն, ոչ թե հասարակության, համախմբման պատրանք ստեղծեց: Մինչդեռ, կրկնում եմ, համախմբում չի եղել, մարդիկ բանակին չխանգարեցին: Սահմանային լարվածության օրերին ոչ ոք բանակին չխանգարեց անել իր գործը: Իշխանությունը տեղի ունեցածի անունը դրել է համախմբում, որպեսզի հարկ եղած դեպքում,- ասենք, սեպտեմբերի վերջին, երբ կլրանա քառյակի առաջադրած ժամկետը,- հիշեցնի, թե ովքեր էին թշնամիները: Մինչդեռ իշխանությունն այդ օրերին մուրում էր ընդդիմության բարեհաճությունը: Որովհետև զենքն ու բանակն իր ձեռքին էր, բայց ժողովուրդն իր հետ չէր: Բանակը, հիշենք, մարտի 1-ին Երևանում էր, նշանակում է՝ իր գործով չէր զբաղված: Բանակն արանքից դուրս եկավ: Ինքն ասաց՝ վերջապես կարող եմ զբաղվել սահմաններով: Դա իշխանությանը չէր բավարարում՝ դու միայն սահմաններով չէ, որ պիտի զբաղվես, դու պիտի նաև ժողովրդին քեզանով անես, որպեսզի ես հարկավոր պահին հայտնվեմ բեմի կենտրոնում և ասեմ, որ Հայրենիք պաշտպանելով բանակը կատարում էր իմ հրահանգները: Մարդիկ,- ներող եղեք կրկնության համար,- բանակի շուրջ չհամախմբվեցին Հայրենիքի հանդեպ սիրուց: Ի վերջո այս Հայրենիքը վաղուց տարանցիկ դուռ է, ով ուզում՝ մտնում դուրս է գալիս: Եթե սա Հայրենիք է, ապա՝ քչերի, կամ ժողովրդի այն հատվածի համար, որը չափազանց շատ բան է տվել այս պետությանը, որպեսզի այն միայն վարչական միավոր չլինի: Իսկ դրանք շատ չեն: Ընտրությունները, այն փաստը, որ Տարոն Մարգարյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Հարությունյանը դեռ պաշտոնավարում են, նշանակում է, շատ չեն նրանք, որոնք պետություն ունեն այս 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա:

«Համախմբումը» իշխանություններին օգնեց չթողնել իրենց տաքուկ տեղերն ու զենք վերցնել: Այլապես առանց երկար մտածելու չէին ասի, թե Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացավ: Ոչ ոք Եղիազար Այնթապցի չէ, որ պետության համար ծանր օրերին երկրի տեսադաշտից կորած այդ մարդուն հանկարծ օժտի լեգիտիմությամբ: Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը պետության հետ: Բանակն իր գործն արեց և ոչ մեկին չներքաշեց դրա մեջ: Եթե դա Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացրեց, նշանակում է՝ հասարակությունը մատնեց իր թույլ տեղը՝ իշխանության լեգիտիմության գաղտնարանը մեր անձնական անվտանգության մեջ է, պահպանիր կյանքս, և դու լեգիտիմ ես: Եթե Սերժ Սարգսյանը լիազորված էր Սոչիում խոսել, ի՞նչն է նրան խանգարելու կեղծել հաջորդ ընտրությունը հանուն Միքայել Մինասյանի, Գագիկ Հարությունյանի կամ Սեյրան Օհանյանի: Ոչինչ: Նշանակում է, երբ խոսում եք համախմբումից, նախ կոնկրետացեք՝ դուք պետությա՞ն մասին եք խոսում, թե՞ օրենքով գողերի բանակների:

Նախորդ հոդվածը‘Oրվա լուսանկարը. Սուարեսի առաջին մարզումը թիմի հետ’
Հաջորդ հոդվածը‘Պրիեմիեր լիգան վտանգավոր է (տեսանյութ)’