‘Մհեր Արշակյան. Հայրեր եւ որդիներ’

3709

Հայաստանում առաջին անգամ իշխանության են եկել որդիները: Հայրերը գնացին, գնացին խայտառակվելով, գնացին, այսպես ասած, «անժառանգ», մսխելով այն ամենը, ինչ ձեռք էր բերվել անկախության առաջին տարիներին:

Հայրերի «հայկական» իրավացիությունը ոչ մի քննության չդիմացավ, որդիների հնազանդությունն ի վերջո ճեղքեց պատրիարքական այդ իրավացիությունը, որը պետությունը հասցրել էր անտունության: Հայրերը դիմադրում էին շատ համառ, նույնիսկ որդիներին սպանելու գնով: Հայաստանի պատմությունն ընտանիքում իշխանության դասական կռիվ էր, որտեղ հայրերը չեն հաշտվում ժամանակների նոր պահանջների հետ: Որդիներն ասում էին՝ տվեք մեզ ինքնուրույնություն, հայրերն ասում էին՝ ձեր ինքնուրույնությունը մենք ենք: Որդիներն ասում էին՝ մեզ գումար պետք չէ, մի խանգարեք մեզ, հայրերն ասում էին՝ առանց մեզ դուք ապրել չեք կարող: Որդիներն ասում էին՝ մի չարաշահեք մեր հնազանդությունը, հայրերն ասում էին՝ ձեր հնազանդությունն Աստծուց է, եւ որդիների աչքն էին խոթում «Կայսրինը՝ կայսեր» պատգամը, որն ընդամենը երկու ոտքի կենսունակությունից զրկված հաշմանդամի հենակ էր, քանի դեռ ոտքերը՝ «Աստծունը՝ Աստծուն», չէին ազատել շղթաներից:

Հայրերի անսխալականությունը բախվում էր որդիների այլ կյանքի պահանջներին, որտեղ ճիշտ ու սխալի քննություն չկար: Որդիներն ասում էին՝ մենք այլ Հայաստան ենք ուզում, հայրերն ասում էին՝ այլ Հայաստան չկա, որովհետեւ այլ Հայաստանն էլ ենք մենք: Հայրերը որդիների շղթաներն էին: Եվ այսօր այդ շղթաները չկան: Հայրերը մերժված են, որովհետեւ հայր լինելու «սահմանադրականությունը» շփոթել էին հայր լինելը Աստծուց տրվածության հետ: Իրենք որդիների փոխարեն որոշում էին նրանց ընտրությունը, ախորժակը, հաճույքը, տեսարանները, իրենք պարտադրում էին այն ճանապարհը, որը թելադրում էր սեր:

Այս պատմության մեջ ամենասարսափելին ռեւանշի հասնելու հայրերի մղումն է: Հնարավոր է, նրանք նույնիսկ չսպասեն, որ որդիները սայթաքեն: Արդյո՞ք նրանք անավարտ գործ ունեն, արդյո՞ք դեռ կարող են ինչ-որ բան ավելի լավ անել, քան՝ որդիները: Խնդիրն էլ հենց դա է, որ դա չէ խնդիրը: Հայրերը կարգավիճակ են կորցրել, նրանք կորցրել են ուրիշների խոնարհությունը: Հայրերն իշխանություն են թողել կարմիր աչքերով: Նրանք չեն ընկալում, որ իրենց փոխարինել են որդիները, որովհետեւ երբ իշխանության մեջ էին, չէին էլ մտածում, որ դա իշխանություն էր որդիների հանդեպ: Մեր հայրերը ծանր ժամանակներ են ապրում, նրանք կորցրել են օգտակարության զգացումը, նրանք ամայացրել են բարձունքներից ներքեւ ապրելու իրենց բնազդը, նրանք ամայացրել են իրենց ոտքերը՝ բոլոր ուղղություններով քայլելու համար, նրանք դարձել են իրենց շղթաները:

Այս մարդկանց ձեռք մեկնելը գործին չի օգնի: Նրանք իրենց նահանջելու խաղաղասիրությունն են ապականել որդիներին փոխարինող չտեսնելու անգիտությամբ: Նրանք հիմա ապրում են սեղմված ատամներով, որոնք նույնիսկ ասեղի թելը չեն կարող կտրել: Նրանց ոչնչով օգնել հնարավոր չէ: Բայց նրանք մեր հայրերն են: Նրանց համար այլ Հայաստան չի լինելու, քան այն միակը, որն եկել է: Նրանց խնդիրը որդիները չեն, այլ՝ ժամանակը: Նրանք այլեւս վերականգնվել չեն կարող: Ահա ինչու են սեղմված նրանց ատամները, եւ ահա ինչու նրանք կարող են միայն թույն արտադրել: Մենք սիրող հայրերի կարիքն ունենք: Նրանք այդպիսին չեն եղել: Նրանք պիտի լինեն այդպիսին: Նրանք գնացին խայտառակվելով, գնացին իրենց հետեւից տեղ բացելով որդի լինելու տեքստի համար: Եվ պատահական չէ, որ որդի լինելու տեքստերը հնչում են նույնքան սեղմված ատամներով: Մեջք կոտրելու չափ աշխույժ տեքստեր: Որոնք հաջորդեցին շքանշաններով բաշխվող մահախոսականներին:

Նախորդ հոդվածը‘Զինվոր է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Դե Խեա. Իսպանիան ունի գերազանց կազմ, պետք է վայելենք աշխարհի առաջնությունը’