‘Մհեր Արշակյան. Շանտղության նրանց ռեսուրսը’

2812

Թեժ աշունը թեժ է ոչ միայն ընդդիմադիրների ու ժողովրդի, այլեւ հանրապետականների համար: Հանրապետականները նույնպես զբաղված են «ճանապարհային քարտեզ» մոգոնելով՝ ինչպե՞ս անվնաս դուրս գան «աշնան արեւի» տապից: Կարծես թե բոլոր «ստվերները» հողին են հավասարեցվել: Ոչ մեկի հետ երկխոսության որեւէ տարբերակ չունեն, ոչ մեկին չեն կարող բացատրել, թե հոգու խորքում ինչքան լավն են եղել իրենք: Չեն կարող ասել՝ օգոստոսի էն դիվերսանտ լացացնող կտրիճների ոգու փայատերն ենք մենք, չեն կարող ասել՝ ոչ մի օր առանց հակաադրբեջանական կամ հակաթուրքական քարոզի չթողեցինք մեր հողի օրորը, չեն կարող նաեւ ասել, որ  Անկախության կորստի ու պատրանքի արանքում  լարախաղացի նման այդպես էլ չկողմնորոշվեցին, թե որն է ավելի հանրապետական՝ կորցնե՞լը, թե՞ երեւակայելը, որ այն կա:

Հեգնանք էր, իսկական հեգնանք, որ անկախությունն ամեն հոբելյանից (տասնամյակից կամ քսանամյակից) հետո կեցության նոր խորհրդանշաններ էր առաջարկում՝ ի դեմս Խաչիկ Ասրյանի ու Սաքուլիկի, իսկ Հրանուշ Հակոբյան եւ Արտաշես Գեղամյան կոչվող զուռնա-դհոլի ներքո էդ անկախությունը հանրաքվեի առաջին օրից մինչեւ հիմա ոչ մի վայրկյան չվայելեց իր հողի էությունը լինելու հաճույքը: Հանրապետականները 16 տարի են ունեցել իրենց տրամադրության տակ, մսխել են մինչեւ վերջին անբարոյականությունը, սպանել են, քանի դեռ այլ բան անել չեն կարողացել, հոգու խորքում մարդասպան են դարձրել նույնիսկ օդանավակայանի տաքսիստի կամ բարեգործական ճաշարանի խոհարարի ցինիզմ չտեսածին, երկիր են հաշմել, հող են արժեզրկել, քվե են կեղծել: Ով ոնց կարողացավ, դարձավ Սաքուլիկ այս հողի վրա, ասես հայը Աստծո քվեն էր վաստակել վերջապես սաքուլիկներին դեմքով իմանալու համար: Այս ամենը քիչ էր, այս ամենն ընդամենը կրկես էր: Կրկես էր, որովհետեւ այս մարդիկ, բարձր դասարաններում պատերի տակ սեր չարածի վրեժով մի քանի տարի հետո միանգամից «Աշխարհի գեղեցկուհու» սիրուն արժանացածի նման՝ հանկարծ հայտնվեցին ուրիշ հասարակությունում: Նրանք բնավորություն ցույց տվեցին եւ հետեւողականորեն, ընտրող առ ընտրող, դպրոցի տնօրեն առ դպրոցի հավաքարար, հինգ հազար դրամ չտեսած առ հինգ հազար դրամ չտեսած՝ «վաստակեցին» այդ բնավորությունը: Ի՞նչը պետք է լիներ սրա հասարակական հակազդեցությունը նույնիսկ ՀՀԿ-ականների կեղծիքները թեկուզ մեկ գիշեր կուշտ փորով մարսածների համար: Պետք է լիներ այն, որ իրենցից էլ զզված՝ հեռանային էս երկրից՝ համարելով, որ երկրի անեծքից են փախչում:

Հարյուր հազարավորներ համբերատար մարսեցին, քանի դեռ Հանրապետականը «շռայլում» էր «իր բարիքները»՝ հընթացս գժվելով, երբ լսում էին Պուշկինի «ты трус, ты раб, ты армянин» տողը: Գժվեցին ու հեռացան դեպի տողի Հայրենիք, որտեղ հայերի մասին դրանից հետո ինչ ասես գրվել է, գրվում է ու դեռ կգրվի, արվել է, արվում է ու դեռ կարվի: Գնացին երբեմնի ճիշտ ընտրողները երբեմնի ազատ ընտրողների երկիր: Հայաստանից մնաց գրեթե Հանրապետականը, այսինքն, ապրելու կապիկությունը՝ էն, որ մեդալներ են բաժանում կա՛մ մեդալի մեռածներին, կա՛մ ապառիկ մեռելներին: Կամ՝ էն, որ երեխան կենացներ է ձոնում վարչապետին, իսկ ուսուցչուհին՝ ԱԺ նախագահին: Կամ՝ էն, որ թաքնվում է ինքն իր դիսերտացիայից, էն, որ հունիսի 1-ին լուսանկարվում է մանկապարտեզում՝ երեխաներին հարթակ դարձրած: Ի՞նչ անեն այս մարդիկ: Թվում է, այլեւս՝ ոչինչ: Բայց՝ ոչ, մոբիլիզացիա են հայտարարում, հայրենասիրական ակումբներ են բացում դպրոցներում՝ խաղաղության օդի բաղադրությունը չմարսած, խրամատներ են փորում ԱԺ-ում, որտեղ վերջապես խաղաղության խոսքն է լսվում: Ոստիկանապետն է խոսում թեժ աշունը սառեցնելուց՝ ազդարարելով նախապատմական այն հավատարմությունը բիրտ ուժին, երբ հարձակվում էին ոչ միայն իշխանությանը ծուռ նայողի, այլեւ «բռնակալի հայրանունը» չիմացողի վրա: Պատերազմ են հասունացնում Հայաստանի կես բերան խաղաղ Հանրապետության ներսում: 16 տարում ամեն ինչ արեցին, որ իշխանությունը Սահմանադրությունից տարբերվի «նավոդչիկներով», իսկ ստրկամտության եւ ազատամտության բաժանարարը լցրեցին Խոսրովով ու «պատասխանատու» հեռուստաընկերություններով:  Որովհետեւ չունեն, հասկանու՞մ եք, այլեւս չունեն իշխանությունը պահելու քաղաքական, մշակութային կամ սոցիալական որեւէ ռեսուրս: Բայց մարտի 1-ին ու ՕԵԿ-ին ժամանակակից մարդ եմ, ես չգիտեմ շանտղության նրանց ռեսուրսը:

 

Նախորդ հոդվածը‘Կոստյո՞ւմն է, որ մենթին պիտի դարձնի ոստիկան. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինծառայող է զոհվել’