‘Մհեր Արշակյան. Րաֆֆին իշխանափոխություն չի ուզում’

2464

Բոլորն ասում են, որ Րաֆֆին արեւմտյան մենթալիտետի մարդ է: Այո, բայց արեւմտյան մենթալիտետն իր երկրում իշխանափոխության համար ստիպված չէ մարդկանց հրապարակներ հավաքել: Ստիպված չէ կեղծիքներ թույլ տալ, հետո հերոսաբար պայքարել դրանց դեմ: Արեւմտյան մենթալիտետը սկզբից ընդդիմության հետ չի մաքրում իր հաշիվները, հետո նոր ժողովրդի: Արեւմտյան մենթալիտետը ոչ մի կապ չունի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որովհետեւ այդ մենթալիտետը բազմաթիվ այլ իշխանափոխություններ ու հեղափոխություններ է արել աշխարհի տարբեր երկրներում:

Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի կապ չունի արեւմտյան կամ արեւելյան մենթալիտետի, Ծիր Կաթինի կամ 11 միլիարդ տարի առաջ ձեւավորված որեւէ գալակտիկայի մենթալիտետի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես քաղաքական գործիչ չէ: Նրա ամեն քայլն ապաքաղաքական է, նրա ամեն նախադասությունը հագեցած է հայրենասիրության այնպիսի դոզայով, որով նույնիսկ Խաչիկ Ասրյանին չես գոհացնի: Այդ մարդը, այսինքն՝ Րաֆֆին, իշխանափոխություն չի ուզում: Այդ մարդը նախագահի պաշտոն չի ուզում եւ բացարձակապես ոչ մի պահանջ չունի: Նրան Ազատության հրապարակը հետաքրքիր չէ, նրան, ասենք, Հրանտ Բագրատյանի հորդորը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու, այնքանով է հետաքրքիր, որ իրեն շեղում է իր պայքարի բացակայությունից: Հայաստանում չկա իշխանության մեջ գտնվող մեկը, ով այսօր խուճապի մեջ է: Երբ Սերժ Սարգսյանը սանրում էր ընդդիմադիր դաշտը, նա դա անում էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Ենթադրելի է, որ Ազատության հրապարակ եկած մարդիկ, ովքեր Եռաբլուրից մեկնելուց հետո կհեռանան իրենց տները, գոնե ճանապարհին կհասկանան, որ շարժումն օր առաջ պետք է խլել Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքից: Ինձ աջ ու ձախ ասում են՝ ժողովուրդն է առաջին անգամ շարժման տերը, չկա Վազգեն Մանուկյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոնք անվերապահ առաջնորդ էին, եւ ժողովուրդը չէր ուզում նրանց գլխից վեր թռնել:

Այսօր հստակ է, որ պետք է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխից վեր թռնել, նա չգիտի իշխանափոխության ուղիները, որովհետեւ Արեւմուտքում նրան չեն սովորեցրել իշխանափոխություն անել: Եթե անգամ Արեւմուտքին այսօր Հայաստանում իշխանափոխություն պետք լինի, դրա համար նա Րաֆֆի Հովհաննիսյանին չի դիմի, այլ կդիմի Սերժ Սարգսյանին, որովհետեւ մեր տիպի մահմեդական մենթալիտետով երկրներում ոչ թե ընդդիմությունն է վերցնում իշխանությունը, այլ իշխանությունն է այն զիջում: Հետեւաբար, օր առաջ Ազատության հրապարակ գնացող ժողովուրդը պետք է հասկանա, որ Րաֆֆի Հովհաննիսյանն օր առաջ պետք է հեռանա առաջնորդությունից, քանի դեռ մի քանի ակնթարթ Սերժ Սարգսյանի վերահսկողությունից դուրս մնացած այս շարժումը «ժառանգականները» չեն թաղել վերջնականապես: Րաֆֆի Հովհաննիսյանը շարժվում է բոլորովին ոչ այն ուղղությամբ, որով պետք է: Անձամբ ես չգիտեմ, թե բառի թիկունքում տեսիլք չունեցող մարդն ինչպես է աջ ու ձախ հնչեցնում մի նախադասություն, որը պիտի շարժման էության մեջ լիներ, եւ որն էլ հենց մարդկանց բերել է հրապարակ:

Եվ, ի դեպ, ինչպե՞ս ես նույն նախադասությունն ասում ամեն օր. «Զինվորին ապօրինի քվեարկության մղած հրամանատարը պատասխան է տալու, Երեւան-Գյումրի ճանապարհը փակածը պատասխան է տալու»: Հանրահավաքներն աշխույժ, եթե ոչ թեժ պահելու ամենատարրական քայլերն անգամ չեն արվում: Ցանկացած հանրահավաք ունի կուլմինացիա, եւ դա միայն առաջնորդի խոսքը չէ, դա նախորդ օրերի պայքարի արդյունքների հաշվետվություններն են, ովքեր են հրաժարական տվել շարժման եւ ոչ թե իրենց սխալների արդյունքում, ինչ ճեղքեր են առաջացել իշխանության մեջ, ովքեր են միացել շարժմանը, որոնք են լինելու ժողովրդի կամ առաջնորդի հետագա քայլերը: Սրանցից ոչ մեկը Րաֆֆու հանրահավաքներում չի հնչում: Հետեւաբար, թեկուզ որպես դատավճիռ, ասում եմ՝ այս պայքարը շարունակություն չունի:

Մհեր Արշակյան

Hraparak.am

Նախորդ հոդվածը‘Նամակ չես կարում գրես, բայց գրում ես, որ ի՞նչ անես’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի այս որոշումը ինձ հիշեցնում է Աստվածաշնչյան պատմությունը’