‘Մհեր Ղալեչյան. Կենսագրություն, որը զուտ կամուֆլյաժ հագնելով չես վաստակի’

2556

Լրագրող Մհեր Ղալեչյանը «Ֆեյսբուքում» հրապարակած լուսանկարի նկարագրությունում գրում է. 
 
Սա Իսրայելի կառավարության հերթական նիստն է: Ինչպես տեսնում եք, բոլորը քաղաքացիական հագուստով են: Թեպետ կառավարության բոլոր անդամները, առանց բացառության, ծառայել են իսրայելական բանակում, իսկ շատերը հենց զինվորական կարիերա են ունեցել եւ անմիջական մասնակցել ռազմական գործողություններին, ինչպես Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը (դիմացի պլանում) եւ Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն (ետեւի պլանում):
Այսինքն, այս մարդիկ կյանքի մեծ մասը զինվորական հագուստ կրելով՝ այսօր որեւէ մեկին ինչ-որ բան ապացուցելու կարիք չունեն: Եթե նրանց հագին զինվորական հագուստ տեսնեք, ուրեմն վստահ եղեք՝ այնտեղ պատերազմ է, եւ նրանք գտնվում են առաջին գծում: Առանց բացառության: 
Ու սրա ֆոնին տեսնել այսօրվա մեր կառավարության նիստը…. ասել ծիծաղի առարկա, նշանակում է, ոչինչ չասել: Մի կառավարություն, որի անդամների մեծամասնությունը, սրան գումարած՝ վարչապետի եւ ՊՆ նախարարի խորհրդականների մեծ մասը, չի ծառայել բանակում եւ հիմնականում կեղծ դիսերտացիաներով խուսափել ծառայությունից: Ահա այս մարդիկ կամուֆլյաժով կառավարության նիստ են անում, թե այդ ցուցամոլությամբ ում պիտի զարմացնեն, ում պիտի վախեցնեն: Թե՞ կամուֆլյաժ հագնելով՝ ձեզ Ռեմբո եք զգում: Ո՞ւմ եւ ի՞նչ եք, էլի, ապացուցում: Սա էլ հո Զարուհի Փոստանջյանի հարցը չէ՞, որ ասեք՝ խայտառակ է անում: Դուք ձեզ մի հատ կողքից նայեք, հերիք է: Կարող է՞ Իսրայելի ղեկավարները այդ կամուֆլյաժի տեղը չգիտեին: Բայց նրանք ունեն կենսագրություն, որը զուտ կամուֆլյաժ հագնելով չեն վաստակել: 
Դրա համար եմ ասում. այսօր Հայաստանում ամենաշատը թուրքերից, հայրենասիրությունից, ձվերից, մարտական ոգուց, հայկական բանակից խոսում են նրանք (հիմա նաեւ կամուֆլյաժ հագնելով), ովքեր բանակում չեն ծառայել: Ու նրանք հոգեբանական խնդիր ունեն՝ ամեն օր նման ցուցամոլությամբ փորձել թաքցնել իրենց դասալիք էությունը:
 

Նախորդ հոդվածը‘Իտալիայի ափերի մոտ խորտակված նավում «դիակներով շարված պատ» են հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում պատշաճ կերպով չեն իրացվում կանաչ տնտեսության բոլոր բաղադրիչները ‘