‘«Մհեր Մկրտչյան» թատրոնում «գաղափարապես անհուսալի» աշխատողներից ազատվում են’

1319

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրինությունն իր ֆինանսական հոսքերը թաքցնելու նպատակով փորձում է ազատվել անցանկալի աշխատակիցներից:

Կարինե Հախնազարյանը, որը թատրոնի ադմինիստրատորի պաշտոնում է նշանակվել 2011-ի նոյեմբերին, արդեն նույն տարվա դեկտեմբերին լավ աշխատանքի համար նշանակվել է գլխավոր ադմինիստրատոր: Տիկին Կարինեն կազմակերպում էր թատրոնի տոմսերի վաճառքը պետական ու հանրային հիմնարկություններին: Աշխատանքի ընթացքում իր գրանցամատյանում նշում էր ներկայացումների ժամանակ այս կամ այն հիմնարկությանը վաճառած տոմսերի քանակը: Այս փաստը, սակայն, դուր չէր եկել թատրոնի ղեկավարությանը՝ ի դեմս տնօրեն Էդգար Բադալյանի: Վերջինս, ի դեպ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանի զարմիկն է:

Հախնազարյանի աշխատանքային հարաբերությունները ղեկավարության հետ լավ էին միչեւ 2012-ի կեսերը, երբ թատրոնի 82-ամյա գանձապահը բողոքագիր ներկայացրեց տնօրինությանը, թե իբր տիկին Կարինեն կոպիտ է վերաբերվում իր հետ: Կարճ ժամանակ անց առաջին բողոքագրին հետեւեց երկրորդը՝ թատրոնի պարետի անունից: Կարինե Հախնազարյանի խոսքով` առաջին եւ երկրորդ բողոքագրերը ձեւով եւ բովանդակությամբ գրեթե չէին տարբերվում իրարից:   

Ուշագրավ է, որ գանձապահը տնօրեն Բադալյանի կնոջ հորաքույրն է, իսկ պարետը՝ նրա մոտ ընկերը: Ըստ տիկին Կարինեի` իր մտերիմների միջոցով տնօրենը նպատակ է ունեցել ազատվել իրենից, հավանաբար` մտավախություն ունենալով, որ իր մանրամասն գրառումները թատրոնի ֆինանսական հոսքերի վերաբերյալ կարող են խնդիրներ ստեղծել թատրոնի ղեկավարության համար:
Գանձապահի եւ պարետի բողոքագրերին տնօրենն արձագանքում է բավական ինքնատիպ կերպով. մեկ գրությամբ պահանջում է Կարինե Հախնազարյանից բացատրագիր ներկայացնել եւ առանց պատշաճ ծառայողական քննություն իրականացնելու` գրավոր նկատողություն է ներկայացնում Հախնազարյանին:  

Բացի դրանից, ըստ Կարինե Հախնազարյանի, տնօրենը խախտել է աշխատանքային պայմանագրի մի շարք դրույթներ` պահանջելով կատարել իր լիազորությունների մեջ չմտնող աշխատանք: 2012-ի դեկտեմբերին, կրկին` առանց լուրջ հիմնավորման երկրորդ խիստ նկատողությունը տալով, Էդգար Բադալյանը աշխատանքից ազատում է Հախնազարյանին: Ապօրինի համարելով այս որոշումը` նախկին գլխավոր ադմինիստրատորը դիմում է դատարան՝ պահանջելով վերականգնել իրեն զբաղեցրած պաշտոնում եւ փոխհատուցել հարկադրված պարապուրդի ժամանակահատվածում կուտակված միջին աշխատավարձը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ալեքսանդր Սուկոյանի նախագահությամբ, սակայն, մերժում է հայցը՝ առանց հաշվի առնելու ակնհայտ իրողությունները: Ըստ Կարինե Հախնազարյանի` դատարանի այս կողմնակալ վարքագիծն էլ իր բացատրությունն ունի. թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանը բավական մոտ հարաբերությունների մեջ է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Ի դեպ, Մկրտչյանը հիմնականում մասնակցել է դատական նիստերին եւ իր միջամտություններով փորձել է ուղղորդել  դատարանի աշխատանքը:   

Կարինե Հախնազարյանը թատրոնում նաեւ առանձնացել է նրանով, որ չի թաքցրել իր ընդդիմադիր հայացնքները: Նա նույնիսկ «համարձակվել է» չենթարկվել տնօրենի ցուցումին եւ չի մասնակցել 2012-ի մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում իշխող ՀՀԿ նախընտրական հանդիպմանը, որի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունից, ինչպես հայտնի է, հարյուրավոր քաղաքացիներ վնասվածքներ ստացան:

Թե որքանով են իր քաղաքական հայացքները պայմանավորել տնօրինության վերաբերմունքի փոփոխությունն իր նկատմամբ` տիկին Կարինեն դժվարանում է ասել: «Բայց փաստն այն է, որ մինչեւ այդ դեպքը տնօրինության հետ որեւէ խնդիր չեմ ունեցել», — նկատում է նա:

Հախնազարյանը բողոքարկել է առաջին ատյանի վճիռը Վերաքննիչ դատարանում:  

Նախորդ հոդվածը‘Դավիթ Նալբանդյանը ավարտում է կարիերան’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահու. Իրանի առաջնորդը գայլ է՝ գառան մորթիով ‘