‘Մհեր Սեդրակյան. Էթիկայի խախտում եղել է երկկողմանի ‘

1060

Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովն այսօր եզրակացրեց, որ պատգամավոր Մհեր Սեդրակյանը անցած տարվա դեկտեմբերին էթիկայի նորմերի խախտում է թույլ տվել լրագրող Մհեր Արշակյանի ու իր միջեւ տեղի ունեցած միջադեպի ժամանակ:  «Ա1+»-ի լրագրողի հարցեր տալու խնդրանքին ի պատասխան, հիշեցնենք` պատգամավորըը սպառնացել էր «պոկել ծնոտը»:
Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 
Իշխող քաղաքական ուժի պատգամավորի վարքագիծը Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում քննարկելու հարցը, հիշեցնենք, բարձրացրել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը:
Թեեւ Մհեր Արշակյանին այսօր հրավիրվել էին Ազգային ժողով, բայց դռնփակ քննարկումներին մասնակցելու հնարավորություն նա չունեցավ: Մինչդեռ պատգամավոր Սեդրակյանը չէր եկել` թեեւ նիստին մասնակցելու հրավեր ստացել էր:
«Ես չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել հանձնաժողովը` որոշելով, որ Մհեր Սեդրակյանը հակաէթիկական վարք է ցուցաբերել` իմ ծնոտը կոտրելու վճռականություն հայտնելով: Քանի որ Սեդրակյան Մհերը, նուրբ ասած, արհամարհած ունի հանձնաժողովը… Ես չգիտեմ, թե Ազգային ժողովն ինչ նկատի ունի էթիկա ասելով», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց լրագրողը:
Մհեր Սեդրակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղյակ է հանձնաժողովի որոշմանը: «Ինքն էլ չպետք է աներ, ես էլ չպետք է անեի: Էթիկայի խախտում եղել է երկկողմանի», — ասաց պատգամավորը:
Հարցին, թե ինչու չի գնացել հանձնաժողովի նիստին` Մհեր Սեդրակյանը արձագանքեց. — «Եթե դրա կարիքը լիներ, կգնայի»:
Էթիկայի հանձնաժողովի նորընտիր նախագահ Դավիթ Հարությունյանն այսօրվա որոշումը կհրապարակի խորհրդարանի առաջիկա քառօրյայի ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Իշխանուհի Դիանայի շրջազգեստները վաճառքի կդրվեն Լոնդոնում’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ոստիկանության ներքին անվտանգության վարչության’