‘Մյասնիկ Մալխասյան. Իշխանությունները չեն ուզում ձերբազատվել քաղբանտարկյալ ունենալու սովորույթից’

1085

«Հայ ազգային կոգրեսի 4 ակտիվիստների ձերբակալությունը և դատավարությունները գալիս են ապացուցելու, որ մեր իշխանությունները չեն ուզում ձերբազատվել քաղբանտարկյալ ունենալու սովորույթից»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը:

Ըստ նրա՝ ակտիվիստները դատապատվել են միայն քաղակականությամբ զբաղվելու համար, իսկ այսօր ՀԱԿ-ի երիտասարդական թևը քաղաքական պայքարի արդյունքում է հայտնվել դատական գործընթացներում:

«Ոչ ոք չի կարող ժխտել այդ փաստը, պարզապես անհասկանալի է իշխանությունների գործելակերպը, ինչպես և անհասկանալի էր նախկինում: Իրենք երևի ուրիշ ընտրություն չունեն. քանի որ առջևում նախագահական ընտրություններ են, նորից փորձում են ակտիվացնել վախի, ահաբեկման, շանտաժի մթնոլորտը և դատապարտել երիտասարդներին՝ մի կողմ թողնելով այն, որ իրենք վարկաբեկվում են միջազգային հանրության աչքերում: Անգամ մարդասպաններին և ծանր հանցագործություն կատարածներին չեն դատապարտում՝ ստորագրությամբ արագ ազատ արձակելով»,- նշեց նա՝ նկատելով, որ սրան զուգահեռ՝ անմեղ երիտասարդը՝ Տիգրան Առաքելյանը, 2011 թվականի օգոստոսի 9-ից  գտնվում է բանտում:

Նախկին քաղբանտարկյալը համոզված է, որ Հայաստանում արդարադատություն չկա, դատական համակարգը, գործադիր կառույցները և ԶԼՄ-ները ղեկավարվում են մի կենտրոնից:  Ըստ նրա՝ հնարավոր է հասնել արդարության միայն ժողովրդի ակտիվ պայքարի շնորհիվ:

Անդրադառնալով Կոնգրեսի երիտասարդների գործը ընդհուպ Եվրոդատարանի միջոցով լուծմանը՝ Մյասնիկ Մալխասյանն ասաց.

«Եվրոդատարանում գործը պետք է շարունակի քննվել, բայց հույս կապել արտաքին ուժերի վրա՝ դա էլ չեմ ընդունում, քանի որ մեր ժողովուրդը առաջին հերթին  հույսը իր վրա պետք է դնի, և ինքը պայքարի իր զավակների համար, այն զավակների, ովքեր ազատության և իրենց իրավուքների համար են պայքարել: Կարծում եմ՝ ժողովուրդը անտարբեր չպետք է լինի այս դատավարության հանդեպ, իսկ նման արատավոր երևույթների դեմ հնարավոր է պայքարել միայն իշխանափոխությամբ, առանց դրա՝ ոչինչ հնարավոր չէ »:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռը: Նիստը բոյկոտել էին բոլոր 4 ակտիվիստները, ինչպես նաև փաստաբան Վահե Գրիգորյանը: 

Նախորդ հոդվածը‘Լուսաֆորների սեկցիաները սխալ են կիրառվում և հանգեցնում են խախտումների (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան. Հայաստանի քաղաքացիները գործող կառավարության ղեկավարի համար պոտենցիալ հեղափոխականներ են’