‘Մշակույթի նախարարությունը զարմացած է. Գառնու տաճարի տարածքում սրճարան չի կառուցվել’

952

Մարտի սկզբից հանրությունը պայքարում էր Գառնի հեթանոսական տաճարի անմիջական հարեւանությամբ սրճարանի կառուցման որոշման դեմ: Քաղաքացիական ակտիվիստներն անգամ հավաքել էին սրճարանի կառուցման համար նախատեսված շինանյութը եւ ի նշան բողոքի բերել Երեւան` դատարկելով այն նախարարության շենքի դիմաց: Այսօր էլ նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը հայտարարել էր, որ հրահանգել է դադարեցնել շինարարական աշխատանքները:

Մինչդեռ, պարզվում  է` մշակույթի նախարարությունը Գառնիի տաճարի մոտ սրճարան կառուցելու մտադրություն չի ունեցել: Այս մասին Yerkir.am-ին հայտնել է մշակույթի նախարարության խոսնակ Ալլա Սերոբյանը:

Նրա հավաստմամբ` Գառնիի տաճարի մոտ կար մի հենապատ, որի քարերը թափվել էին, եւ հենապատի վերականգնման եւ վերաշարման աշխատանքներ էին կատարվում:   «Հենապատի վերաշարման աշխատանքները, չգիտես, թե ինչպես, ներկայացվեցին իբրեւ թե սրճարանի կառուցման աշխատանքներ, բայց այդպես չէ: Գառնիի հեթանոսական տաճարի մոտ տեղի ունեցող շինարարական աշխատանքները միայն ու միայն հենապատի հետ են կապված եղել»,- ասաց Սերոբյանը: Նա հավաստիացրել է նաեւ, որ տաճարի շրջակայքում սրճարան կառուցելու մասին խոսք անգամ գնալ չի կարող, լինելու են սեղան-աթոռներ, այսինքն` ոչ թե կառուցվելու է, այլ` տեղադրվելու, շինարարական աշխատանքներ չեն կատարվելու:  

Մինչդեռ, մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա սեզոնային սրճարանի կազմակերպման նախագծի էսքիզային առաջարկների քննարկմանը նվիրված նիստի քաղվածքից տեղեկանում ենք, որ հուշարձանի տարածքում առնվազն նախատեսված է եղել նոր սալահատակ անել եւ մետաղական կոնստրուկցիաներով կրպակ տեղադրել:

Իսկ թե ինչպիսի տեսք են ստանում «թեթեւ» կոնստրուկցիաներով սրճարանները դրանց տեղադրվելուց որոշ ժամանակ անց, կարելի է տեսնել մեկ այլ պատմա-մշակութային հուշարձանի` Երեւանի Օպերայի թատրոնի հարակից տարածքի օրինակով, որտեղ ժամանակի ընթացքում թեթեւ կոնստրուկցիաները «աննկատելիորեն» վերածվեցին բետոնե պատերի ու ստորգետնյա զվարճավայրերի:  

Կամ, ամենաթարմ օրինակը` Փակ շուկան, որի «տանիքի վերանոգման աշխատանքնեը» մշնախի թողտվությամբ սահուն կերպով վերածվեցին համալիրի ճարտարապետական տեսքի ու կառուցվածքի իսպառ աղճատման աշխատանքների:  

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Գալու է նաեւ պատասխան տալու ժամանակը ‘
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը կմեկնի Ֆրանսիա’