‘Մշակույթի նախարարությունը քաղաքապետարանից պահանջում է դադարեցնել Փակ շուկայի շինարարությունը ‘

1329

ՀՀ մշակույթի նախարարությունը Երեւանի քաղաքապետարանից պահանջում է հսկողություն սահմանել Երեւանի Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող Փակ շուկայի հետնամասում վերսկսված շինարարական աշխատանքների իրականացման նկատմամբ: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի հարակից շենքերի բնակիչների և լրագրողների ահազանգերի կապակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարականով նախարարության աշխատակիցները կատարել են շուկայի տարածքի տեղազննում՝ լուսանկարել, փաստագրել են շենքի հետնամասում  վերսկսված շինարարական աշխատանքները: Իրավիճակին անձամբ ծանոթանալու նպատակով 2013 թ. մայիսի 9-ին ՀՀ մշակույթի նախարարն անձամբ է այցելել շուկայի տարածք:

Տեղեկացնում ենք, որ մինչև մայիսյան տոների նախօրեն Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարական աշխատանքները դադարեցված էին, և շենքի 0,00 նիշից բարձր որևէ աշխատանք չի իրականացվել: Շինարարական աշխատանքների կրկնակի դադարեցումը կատարվել է ՀՀ մշակույթի նախարարության պահանջով՝ մարտի 6-ի գիտամեթոդական խորհրդի մասնագիտական եզրակացության հիման վրա: Ըստ որի՝ անհրաժեշտ էր իրականացնել Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները՝ նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո սեփականատիրոջից պահանջվում էր մշակել շուկայի կորցրած կամարների վերականգնման նախագիծը և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:

Ներկայումս, վերսկսված շինարարական աշխատանքների կապակցությամբ (որոնք չեն համապատասխանում մեր կողմից տրված նախագծային փաստաթղթերի պահանջներին, և որոնցով նախատեսվում էր նորակառույցի երկաթբետոնյա հատվածի մասնակի քանդման աշխատանքներ) ՀՀ մշակույթի նախարարությունը կրկին անգամ 2013 թ. մայիսի 13-ի 01/14-1/1534-13 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` հուշարձան-շենքում իրականցվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու համար»:

Նախորդ հոդվածը‘Հայ ֆուտբոլիստները արտերկրում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը ԼՂՀ սահմանի երկայնքով զորավարժություններ է անցկացնում’