‘Մոլդովայի խորհրդարանական հանձնաժողով. Գրիգորիուն քաղաքականապես կարճատես է եւ ոչ պրոֆեսիոնալ’

926

Մոլդովայի խորհրդարանի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը քննել է խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի ելույթը Հայաստանի Ազգային ժողովում, եւ հանգել եզրակացության, որ ելույթով Գրիգորիուն ծայրահեղ քաղաքական կարճատեսություն, անիրազեկություն եւ բացարձակ ոչ պրոֆեսիոնալիզմ է դրսեւորել:

Հանձնաժողովը Գրիգորիուի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի այսօրվա ընթացքում: Մինչ այդ, հանձնաժողովի նախագահ Վադիմ Միշինը հայտարարել է, որ խորհրդակցություններ են տեղի ունեցել Մոլդովայի ՍԴ նախագահի, ԱԳ նախարարի տեղակալի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Միշինը հայտարարել է, որ Գրիգորիուի ելույթը Հայաստանի խորհրդարանում ոչ մի կերպ չէր ներկայացնում եւ կապ չուներ Մոլդովայի խորհրդարանի եւ ընդհանրապես, Մոլդովայի հանրապետության տեսակետի հետ:  

«Մենք փաստում ենք, որ դա Աուրելիա Գրիգորիուի անձնական տեսակետն է եղել եւ բացարձակապես չի համապատասխանում մեր երկրի դիրքորոշմանը:
Մենք ինքներս սառեցված հակամարտություն ունենք՝ Մերձդնեստրի հակամարտությունը, եւ շատ լավ գիտակցում ենք, թե որքան նուրբ հարց է դա: Մենք լավ ենք հասկանում, թե որքան սխալ է եղել տիկին Գրիգորիուն իր ելույթում», — ասել է Վադիմ Միշին: Նա տեղեկացրել է, որ Հանձնաժողովը միաձայն նշել է, որ Գրիգորիուն «չափազանց ցածր պրոֆեսիոնալիզմ եւ բացարձակ քաղաքական կարճատեսություն եւ անիրազեկություն է դրսեւորել այս ելույթում»:

Բանը այն է, որ ըստ մոլդովական օրենքի՝ խորհրդարանական փաստաբանն, ըստ էության, պետք է պայքարի  հանուն իր երկրում մարդու իրավունքների:

«Ոչ ոք չի արգելում նրան իր անձնական տեսակետը հայտնել որեւէ տեղ, սակայն դա պետք է արվի առավելագույնս արհեստավարժ եւ ապաքաղաքականացված ձեւով» , — ասել է Մոլդովայի խորհրդարանի ՄԻ հարցերով հանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքով՝ Աուրելիա Գրիգորիուն ճիշտ հակառակ կերպ է վարվել՝ փոխանակ խոսելու ընդհանրապես սառեցված հակամարտութունների կամ Մոլդովայում եւ Մերձդնեստրում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին, նա իրավական գնահատականներ է տվել՝ օգտագործելով անթույլատրելի բառապաշար:

 

Նախորդ հոդվածը‘Ներկայացվել է Սյունիքի նոր մարզպետը. Լիսկան ներկա էր’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանի փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության’