‘Մոուրինյոյի 11 բողոքները’

968

Իսպանական մայրաքաղաքային հեղինակավոր «Մարկա» օրաթերթը «Բետիս»-ից կրած պարտությունից հետո առանձնացրել է պորտուգալացու՝ Մադրիդում անցկացրած 3 տարիների ընթացքում 11 այն երևույթները,  որոնցից դժգոհել է նա: 

Մրցավարներ, խաղերի օրացույց, լրատվամիջոցներ, Բարսա, ՈՒԵՖԱ, կանտերա, մրցակիցներ, Տորիլ, Վալդանո… սրանք այն երևույթներն են որոնցից բողոքել է «յուրահատուկը»  այս 3 տարիների ընթացքում: Ոմանց համար սա հատուկ ընտրված միջոց է, որպեսզի վատ օրերին իր խաղացողները ավելորդ ճնշում չունենան, իսկ ուրիշների համար այս դժգոհություններն ընդամենը միջոց են թաքցնելու սեփական անկարողությունն ու թուլությունը: Մի բան պարզ է. մամլո ասուլիսների ժամանակ Մոուն բողոքում, դժգոհում և պարտության պատճառներ է փնտրում ամեն ինչում, բացի իրենից: Իսկ հիմա` Մոուն ընդդեմ բոլորի:

11. Տորիլի դեմ

Մոուն կասկածի տակ է դնում իրենց երկրորդ թիմի՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ի գլխավոր մարզչի կատարած աշխատանքի արդյունավետությունը և համարում է, որ նա սխալ ուղի է ընտրել, որպեսզի օգնի առաջին թիմին: «Մենք  և նրանք խաղում ենք տարբեր սխեմաներով: «Կաստիլյա»-ում կան խաղացողներ, ովքեր խաղում են այնպիսի դիրքերում, որոնք ուղղակի չկան առաջին թիմում: Նրա (Տորիլի) համար ավելի կարևոր է «Սեգունդա»-ում բարձր տեղ գրավելը, քան առաջին թիմին օգտակար լինելը»: Երբեք էլ չլինելով երիտասարդների կողմնակից՝ Մոուն Մորատայի «Լևանտե»-ի դարպասը խփած «փրկիչ» գոլից հետո, միևնույն է, փորձեց «կանտերանո»-ի հաջողության պատճառը վերագրել իրեն՝ նշելով, որ «Այն անձը, ով նրան բարձրացրել է առաջին թիմ, ես եմ եղել, ես եմ նաև որոշել, որ նա պետք է չլքի թիմն այս ամառ»:

10. Կանտերայի դեմ

Դորտմունդի «Բորուսիա»-ից կրած պարտությունից հետո պորտուգալացին սկսեց բողոքել նրանից, որ կանտերան համապատասխան մակարդակի ֆուտբոլիստներ չի նախապատրաստում առաջին թիմի համար: Նա նաև չմոռացավ նշել, որ ինքը ռեկորդակիր է այն առումով, որ արդեն դեբյուտի հնարավորություն է տվել 30 խաղացողների, իսկ իրենից առաջ թիմը գլխավորած Պելեգրինիի մոտ ընդամենը 3-ն էին: «Ես ցանկանում եմ այնպիսի խաղացողների, ովքեր կմնան և կխաղան առաջին թիմում, ոչ թե պարզապես խաղացողներ, ովքեր կխաղան և ուղղակի մեկնարկած “կանտերանո”-ների թիվը կավելացնեն»:

9. Խաղացողների դեմ

Առանձին դեպքերին չանդրադառնալով՝ միայն այս մրցաշրջանում կարելի է հիշել 3 դեպք, երբ նա բողոքել է խաղացողների դեմ:

«Անընդունելի էր այն, թե ինչպես էին խաղում, և սա այն խաղերից էր, որոնցից ես չեմ վրդովվում, վերլուծելով կարող եմ ասել՝ նրանք լիովին արժանի էին այս պարտությանը»,- ասել էր նա  Մոուն «Խետաֆե»-ից կրած պարտությունից հետո:

«Թիմը վատն էր առաջին րոպեից մինջև վերջին րոպեն, այժմ ես թիմ չունեմ: Ունեմ ընդամենը 2 կամ 3 խաղացող, ովքեր մտածում են մնացածի փոխարեն՝ «Սևիլյա»-ից կրած պարտությունից հետո»:

«Մի փորձեք ինձ ասել, որ 24, 25 կամ 26 տարեկան խաղացողները պատրաստ չեն շաբաթական երկու խաղ անցկացնել, եթե ցանկանան՝ կարող են: Վերջին տուրում «Բետիս»-ին 1-0 պարտվելուց հետո»:

8. Ակումբի դեմ

Մոուրինյոն համարում է, որ ակումբի ղեկավարությունը ոչ մի դեպքում չի աջակցում իրեն անարդարությունների դեմ պայքարում: Նրա բազմաթիվ բողոքներից հետո Ֆլորենտինոն ընդառաջեց նրան և հեռացրեց ակումբի սպորտային տնօրեն Խորխե Վալդանոյին: Բայց բողոքները շարունակվում են, և վերջին խոսքերը, կոնկրետ ուղղված ակումբի կողմից աջակցության անհրաժեշտության մասին, նա ասաց «Բետիս»-ի դեմ խաղից հետո: «Միշտ խոսում եմ ես, ինչպես Մանչեստերից հետո, երբ միակն էի, ով խոսեց մրցավարությունից, այսօր էլ նույնպես խոսում եմ ես` ֆիլմի վատ տղան»:

7. Ձեռքբերումներ չկատարելու դեմ

Դժվար է հավատալ, բայց Մոուրինյոն, համարվելով այն մարզիչը, ում գլխավորած թիմերում ամենաշատ գումարներն են ծախսել տրանսֆերների համար, բողոքում է նաև ակումբի տրանսֆերային քաղաքականությունում իր պահանջները չբավարարելուց: Սկզբից «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած իր առաջին խաղում  նա Իգուաինի վնասվածքից հետո պահանջեց բարձրակարգ հարձակվող, քանի որ Բենզեմային այդ ժամանակ համարում էր «կատու» և ստիպված էր որսի գնալ այդ «կատվով»՝ իր «շան» փոխարեն: Ամեն դեպքում ակումբն այդ ժամանակ էլ ընդառաջեց նրան՝ ձմռանը վարձավճարով թիմ բերելով Ադեբայորին, ով հիշվեց միայն Բարսայի խաղացողների վրա Պեպեի՝ կատաղությամբ հարձակվելու կարողությամբ: Այս մրցաշրջանից առաջ էլ պորտուգալացին, ունենալով Ռամոս և Արբելոա, մինչև վերջ պահանջում էր ձեռք բերել աջ պաշտպանի:

6. Մրցակիցների դեմ

Մոուրինյոն ոչ միայն «կախվածություն» ունի Բարսայից, այլև չի կարողանում ապրել առանց մրցակից թիմերի մարզիչներին խայթելու: Այսպես, օրինակ` 2010-ի սեպտեմբերին Մոուն նշեց, որ «Սպորտինգ»-ը ուղղակի 3 միավոր նվիրեց Բարսային՝ դաշտ դուրս բերելով պահեստայինների կազմ: Նա չի փորձում զսպել իրեն և ամեն անգամ միավորների կորստից հետո բողոքում է մրցակիցների սիմուլյանտություններից, ժամանակ ծախսելուց և կոպիտ խաղից, իսկ իր առաջին մրցաշրջանում «Լևանտե»-ի հետ ոչ-ոքիից հետո նշեց. «Ուրախ եմ, որ իմ խաղացողները այժմ հիվանդանոցում չեն՝ նման կոպիտ խաղից հետո»:

5. Խոտածածկի դեմ

«Յուրահատուկը» նաև բողոքում է «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի որակից: Օրինակ, 2010-ին «Էսպանյոլ»-ի դեմ 3-0-ից հետո ասաց. «Հաշվի առնելով, որ խաղում էինք կարտոֆիլի դաշտում, խաղի որակից պետք չէ բողոքել»: Ակումբը այդ ժամանակ շատ շուտ արձագանքեց և փոխեց խոտածածկն ամբողջությամբ:

4. «Սանտյագո Բերնաբեու»-ի դեմ

Նրան նաև դուր չի գալիս այն մթնոլորտը, որը ստեղծում են ակումբի երկրպագուները սեփական հարկի տակ խաղերում: Նա միշտ շնորհակալություն է հայտնում դարպասների ետևում տեղակայված «Ուլտրաս Սուր» խմբավորման անդամներին, քանի որ, ըստ նրա՝ «Եթե նրանք չլինեին, կթվար թե խաղում ենք առանց հանդիսականների»: Նա բազմաթիվ անգամ նշել է, որ «Չելսի»-ում և «Ինտեր»-ում անցկացրած տարիներին զգում էր երկրպագուների սերը ակումբի և իր նկատմամբ: Վերջին անգամ այս խնդրին անդրադարձավ «Բորուսիա»-ի դեմ խաղից հետո, երբ ասաց. «Իմ համար 2,5 տարուց հետո արդեն անակնկալ չէ նման աջակցությունը երկրպագուների կողմից»:

3. Լրատվամիջոցների դեմ

Մոուն միշտ օգտագործել է զանգվածային լրատվամիջոցները, որպեսզի ճնշում գործադրի մրցակիցների վրա, բայց նաև հասցնում է բողոքել նրանցից: Փորձելով համեմատվել Գվարդիոլայի հետ՝ նա մի անգամ նշեց, թե «Նա ամբողջովին ապահովված է իր ակումբի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից»: Իսկ «Մանչեստեր Սիթի»-ի հետ խաղից հետո ասաց. «Եթե ես լինեի Մանչինիի փոխարեն և դուրս մնայի խմբային փուլից, թերթերը ինձ չէին թողնի վերադառնալ Մադրիդ»:

2. Խաղացանկի դեմ

Այս խնդրին Մոուն անդրադառնում էր դեռևս «Չելսի»-ում, երբ համեմատելով բարդ և հագեցած խաղացանկերը, միշտ առանձնացնում էր Պորտուգալիայում ՉԼ-ին մասնակցող թիմերի նկատմամբ հատուկ վերաբերմունքը, երբ Եվրոպայում անցկացրած խաղից առաջ «Պորտու»-ի խաղերը տեղափոխվում էին ուրբաթ, իսկ ՉԼ-ից հետո՝ կիրակի: Մոուրինյոն կարծում է, որ ուրիշ թիմեր, նկատի ունենալով հիմնականում Բարսային, վերահսկում են խաղացանկը՝ այն հարմարեցնելով իրենց:

1.Մրցավարների դեմ

Սա այն թեման է, որից Մոուն այնքան մեծ կախվածություն ունի, որքան Բարսայից: Նա կարող է շարունակ բողոքել մրցավարությունից այն դեպքում, երբ, օրինակ` Բոյանի մաքուր գոլը չհաշվելուց հետո իր «Ինտեր»-ը դուրս եկավ եզրափակիչ, իսկ անցյալ մրցաշրջան «Ռեալ Մադրիդ»-ին մրցավարները անընդհատ փրկում էին՝ իրենց օգտին նշանակելով 11 մետրանոցներ և չնշանակելով բազմաթիվ պարզ երևացող խախտումներ մադրիդցիների տուգանայինում:  

Մրցավարների հետ կապված ամենամեծ սկանդալը տեղի ունեցավ 2011-ին ՉԼ-ի կիսաեզրափակչից հետո, երբ Մոուն, ներկայանով մամլո ասուլիսին, խոսեց միայն մրցավարների մասին՝ սկսելով այն արդեն հայտնի դարձած «Por que»-ով: «Ինչու՞, ինչու՞ Օբրևո, Շտարկ, Բուզակա, Ֆրիսկ, Դե Բլեկերե.. ինչու՞, միգուցե մարզաշապիկին գրված «Յունիսեֆ»-ի համար կամ միգուցե Վիլյարի համար, ով շատ լավ հարաբերություններ ունի ՈւԵՖԱ-ի հետ: Գվարդիոլան հաղթել է արդեն այնպիսի ՉԼ-ի գավաթ, որից ես կամաչեի»: Այս խոսքերից հետո ՈՒԵՖԱ-ն նրան որակազրկեց 5 խաղով:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Տիգրան Սարգսյանին կենսաթոշակային բարեփոխումը հետաքրքրում է փողը դուրս հանելու համար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երկրպագուները մարզադաշտը կտոր-կտոր են անում. տեսանյութ’