‘Մոուրինյոն Իբրահիմովիչին հրավիրում է «Մանչեսթեր Յունայթեդ»’

694

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ուղղություն է վերցրել դեպի «Մանչեսթեր Յունայթեդ», եւ վստահ է, որ «Օլդ Թրաֆորդում» կմիանա «Ինտերի» իր նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

Կարմիր սատանաների ներկայիս մարզիչ Լուի վան Գալը, հավանաբար, մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմից, եւ Մոուրինյոն համարվում է այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն:

Եթե հավատալու լինենք մամուլի հրապարակումներին, ապա Ժոզեն արդեն համապատասխան երաշխիքներ է ստացել «Յունայթեդից», ու հիմա հանգիստ զբաղվում է գործակալական աշխատանքով՝ հաջորդ մրցաշրջանի համար նորեկներ ընտրելով:

Օրինակ Daily Mail-ը պնդում է, թե Կարմիր սատանաներն արդեն սկսել են բանակցությունները Մոուրինյոյի 18-ամյա համերկրացի, «Բենֆիկայի» կիսապաշտպան Ռենատ Սանչեսի վերաբերյալ:

Իսկ Մոուրինյոյի գլխավոր ձեռքբերումներից մեկը կարող է դառնալ Իբրահիմովիչը: Ըստ տեղեկությունների՝ Զլատանն արդեն պատրաստվում է Պրեմիեր լիգայի կյանքին, որտեղ երբեք հանդես չի եկել իր հարուստ եւ հագացած կարիերայի ընթացքում:

34-ամյա շվեդի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջին: Այնպես որ՝ այդ մասշտաբի աստղի անվճար ձեռքբերումը մեծ հաջողություն կլինի «Յունայթեդի» համար, որն առանց Չեմպիոնների լիգայի մնալու վտանգի տակ է:

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի ամենաարագ խաղացողների թվում’
Հաջորդ հոդվածը‘ՀՖՖ. Եթե Արզումանյանն այդպիսի որոշում է ընդունել, հավանաբար հասկացել է ՀՖՖ նախագահի արտահայտությունների իմաստը’