‘Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար կառաջադրվե՞ն ընդդիմադիր թեկնածուներ’

793

Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում սկսվել են թեկնածուների առաջադրումները: Ընդդիմության մի մասը կոչ է անում բոյկոտել ընտրությունները, քանի որ դրանց ելքը կանխորոշված է:

Հրաժարական տված, սակայն քաղաքապետի պարտականությունները կատարող Սերգեյ Սոբյանինը չորեքշաբթի հաստատել է վերլուծաբանների այն կանխատեսումները, թե ինքն ընտրությունների կգնա ոչ թե որպես «Միացյալ Ռուսաստանի» թեկնածու, որի բարձրաստիճան ֆունկցիոներներից է ինքը, այլ ինքնառաջադրմամբ: Փորձագետները կանխատեսել էին, որ Սոբյանինը կուզենա  ամեն կերպ սահմանազատվել «իշխանության կուսակցությունից», որի վարկանիշը մայրաքաղաքում չափազանց ցածր է, և կփորձի ներկայանալ որպես «բոլոր մոսկվացիների թեկնածու»:

Այսօր պարզ է դարձել, որ ոչ «Քաղաքացիական պլատֆորմ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Միխայիլ Պրոխորովը, ոչ նրա քույրը՝ Իրինան, ոչ էլ առհասարակ այդ  կուսակցությունից  որևէ մեկ ուրիշ թեկնածու չի առաջադրվի Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում (մինչ այդ լուրեր էին պտտվում, թե միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի փոխարեն՝ կարող է առաջադրվել նրա քույր Իրինան, որն ունի իր ընտրազանգվածը և ներկայացնում է մտավորականությանը): Ինչպես հայտարարել է Պրոխորովը՝ այժմ ավելի կարևոր է ուժերը կենտրոնացնել եկող տարի կայանալիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների ուղղությամբ:

«Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը 2012 թ. նախագահական ընտրություններում բավական մեծ թվով ձայն էր հավաքել, և փաստորեն, միակ թեկնածուն էր, որ կարող էր լուրջ խոչընդոտ դառնալ Սոբյանինի վերընտրվելու ճանապարհին, հաղորդում է bbc.russian-ը:

Նախորդ հոդվածը‘Բելառուսական ոստիկանությունը պատերազմում է նուդիստների դեմ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը դեմ չէ գեներալ Մանվելի եւ գեներալ Սարոյանի նախաձեռնությանը ‘