‘Մոսկվայում բացվում է հայկական եկեղեցական համալիրը ‘

2237

Քիչ առաջ մեկնարկել է Մոսկվայում ՀԱԵ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի օծման արարողությունը, որին մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը , ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Կենտրոնական դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Բեգլովը, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից ու Սփյուռքից: Եկեղեցին լինելու է առաջնորդանիստ:

Եկեղեցին կօծեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը՝ Գարեգին Բ-ի եղբայրը:

Հանդիսավոր արարողության ավարտին համալիրում կբացվեն «Հայերը Մոսկվայում» և «Պատմական ուղի» ցուցահանդեսները, տեղի կունենա «Սեր և եղբայրություն» թատերականացված ներկայացում:

Եկեղեցական համալիրն ունի նաև ճեմարան և հյուրատուն: Երեկոյան հայկական պատվիրակությունը կայցելի Ամենափրկիչ եկեղեցի:

Նոր նախագծով կառուցված եկեղեցին գտնվում է Օլիմպիական և Տրիֆոնովյան փողոցների խաչմերուկում և զգալիորեն խոշոր է նախորդ կիսակառույցից: Համալիրը զբաղեցնում է 1,32 հա տարածք: Ընդգրկում է Մայր տաճարը, Ս. Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, ունի սեղանատուն, հանդիսությունների սրահներ, թանգարան և օժանդակ այլ կառույցներ:

Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով:

Համալիրի գլխավոր մուտքը Տրիֆոնովյան փողոցից է` եռակամար, հանդիսավոր դարպասով: Տաճարի 21 մետր տրամագծով գմբեթն առայժմ ամենախոշորն է հայ եկեղեցաշինության մեջ: Քառախորան գմբեթի վրա Քրիստոսի 72 աշակերտների հիշատակին նվիրված խաչեր են քանդակված: Եկեղեցական համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին ու մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդի մասին, ներկայացնում Հայոց պատմության դարակազմիկ էջերը` գրերի գյուտ, քրիստոնեության ընդունում, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքար, ոսկե դար և այլն:

Տաճարի մուտքի վերնամասում Հիսուս Քրիստոսի պատկերաքանդակն է, ձախ և աջ կողմերում մեր եկեղեցու գլխավոր սրբություններն են` Ս. Գեղարդը և Հայրապետական Աթոռի խորհրդանիշ` Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը:

Զարդաքանդակներն ու պատկերաքանդակները ներդաշնակորեն համադրվում են եկեղեցական համալիրով մեկ սփռված՝ հայ քանդակագործության խորհրդանիշը դարձած բազմաթիվ խաչքարերին: Հայկական ճարտարապետության մեջ առաջին անգամ խաչքարը ոչ թե ագուցվում է պատի մեջ, այլ ի սկզբանե նախագծվում է որպես շենքի օրգանական մաս: Եկեղեցական համալիրն ու Մայր տաճարը ճարտարապետական յուրահատուկ լուծումների շնորհիվ ներդաշնակորեն ձուլվում են մոսկովյան միջավայրին:

Նախորդ հոդվածը‘Առաջ` դեպի ոստիկանապետություն. Վովա Գասպարյանը սպառնում է. էդ ժամանակները անցել են ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում ՊՆ ներկայացուցչի հաստիք են բացում’