‘Մոսկվայում հետաձգել են Մերիլին Մենսոնի համերգը’

862

Ամերիկյան ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնի համերգը, որ նախատեսված էր ուրբաթ օրը, հետաձգվել է ռումբի տեղադրման մասին հաղորդումից հետո: «Մեր համերգը Մոսկվայում հետաձգվել է պայթեցման սպառնալիքի պատճառով: Դա հենց այն պահին էր, երբ մենք պատրաստվում էինք բեմ դուրս գալ»,- գրել է երաժիշտը Twitter-ի իր էջում:

Ոստիկանությունից հաղորդել են, որ տարածքի ուսումնասիրության ընթացքում ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, դեռ մինչև համերգը «Աստծու կամք» ուղղափառ հասարակական շարժման ակտիվիստները  ձվեր են շպրտել երաժիշտներին տեղափոխող ավտոբուսի վրա:

Մոսկվայից հետո Մենսոնը պետք է հունիսի 29-ին համերգ տար Նովոսիբիրսկում՝ Քաղաքի օրվա կապակցությամբ, սակայն այդ համերգը նույնպես հետաձգվել է տեղի ուղղափառ ակտիվիստների պահանջով: Նրանք հայտարարել են, որ Մենսոնի երգերի տեքստերն իրենցից ներկայացնում են «անպարկեշտ արտահայտությունների, թմրանյութերի քարոզչության, սեռական այլասերության և քրիստոնեական հավատը վիրավորելու խառնուրդ»: Ակտիվիստների պատրաստած հանրագրում ասվում է, որ Մենսոնը համերգների ընթացքում այրում է Աստվածաշունչը և պարում փարաջայով:

 Հունիսի 11-ին Նովոսիբիրսկում մինչև իսկ ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ Մենսոնի համերգների: Ցուցարարներին սատարել են Նովոսիբիրսկի օրենսդիր ժողովի պատգամավորները՝ որոշելով դիմել դատախազություն, որպեսզի նա իրավական գնահատական տա Մերիլին Մենսոնի ելույթների ազդեցությանը: Հունիսի 18-ին, ինչպես հաղորդել է ИТАР-ТАСС-ը, Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը հայտարարել է, որ դատախազությունը Մենսոնի արվեսում ոչ մի դատապարտելի բան չի գտել, սակայն, միևնույն ժամանակ՝ ընդգծել է, թե, այնուամենայնիվ, ճիշտ կլինի համերգը  հետաձգել՝ Քաղաքի օրվա տոնակատարության կապակցությամբ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օսիպյանը կմնա համակարգում՝ չնայած որ փուռն են տվել’
Հաջորդ հոդվածը‘Կոլումբիայի իշխանությունները խաղի оրը արգելել են ալկոհոլային խմիչքների վաճառքը’