‘Մոսկվայում սպանվել է Բորիս Նեմցովը (տեսանյութ դեպքի վայրից)’

1955

Փետրվարի 27-ի ուշ գիշեր Մոսկվայի կենտրոնում կրակոցով սպանվել է հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:

Սպանությունը տեղի է ունեցել Կրեմլից բառացիորեն 200 մետր հեռավորությամբ, երբ Նեմցովն իր ուղեկցուհու հետ անցնելիս է եղել կամրջով:

Բորիս Նեմցովը «ՌՀԿ Պառնաս» կուսակցության համանախագահն էր և մարտի 1-ին նախատեսված «Գարնան երթի» կազմակերպիչներից մեկը:

Նախնական տվյալներով՝ Նեմցովին ու նրա ուղեկցին մոտեցել է սպիտակ գույնի մի մեքենա, և այնտեղից անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Նեմցովի թիկունքին: Այնուհետև մեքենան հեռացել է դեպքի վայրից, և ոստիկանությանը չի հաջողվել տաք հետքերով հայտնաբերել այն:

Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ եղել է վեց կամ յոթ կրակոց, և փամփուշտներից առնվազն չորսը խոցել են զոհին: Նեմցովի ուղեկից կինը չի տուժել: Նրա մասին քիչ բան է հայտնի, ոստիկանությունը կնոջն անմիջապես տարել է հարցաքննության: Ըստ լրագրող Քսենյա Սոբչակի, որը լավ էր ճանաչում Նեմցովին, աղջկա անունը Աննա է, նա հենց ուրբաթ օրն էր Կիևից ժամանել Մոսկվա:

Նեմցովի սպանությանը անմիջապես արձագանքել են Ռուսաստանում և արտասահմանում: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «այդ դաժան սպանությունը պատվիրված լինելու բոլոր նշաններն ունի և բացառապես սադրիչ բնույթի է»:

ԱՄՆ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում Բարաք Օբաման դատապարտում է քաղաքական գործչի սպանությունը և Ռուսաստանի կառավարությանը կոչ է անում անաչառ և բաց հետաքննություն անցկացնել  և սպանության մեղավորներին հանձնել արդարադատությանը:

Ընդդիմությունը չեղյալ է հայտարարել մարտի 1-ի երթը,սակայն, ամենայն հավանականությամբ, ընդդիմության ակտիվիստները կհավաքվեն Մոսկվայի կենտրոնում՝ քաղաքական գործչի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Ընդդիմությունը վստահ է, որ դա քաղաքական սպանություն է:

Բորիս Նեմցովը 55 տարեկան էր: Նա ուներ երեք դուստր, մեկ որդի և 87-ամյա մայր: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ.«Մենք պետք է համբերություն ունենանք, բայց միաժամանակ չքնենք խաղադաշտում»’
Հաջորդ հոդվածը‘Նովակ Ջոկովիչը եզրափակչում մրցելու է Ռոջեր Ֆեդերերի հետ’