‘Մոսկվան անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ’

855

Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի վարչությունը երեկ մեկնաբանությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ:
«Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ: Սահմանին և շփման գծում վերջին օրերին հաճախակի դարձած հրադադարի խախտման դեպքերի արդյունքում կան զոհեր զինծառայողների շրջանում: Հաղորդվում է նաև խաղաղ բնակչության շրջանում վիրավորների մասին», — ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:
«Կարծում ենք, որ լարվածության հետագա աճի դեպքում անխուսափելի են բացասական հետևանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի համար: Կարող է լրջորեն բարդանալ 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում ադրբեջանա-հայկական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը», — հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
«Հակամարտության կողմերին կոչ ենք անում ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ ուղղված իրավիճակի կայունացմանը, ներառյալ՝ 1995 թվականի փետրվարի 4-ի Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնությամբ նախատեսված մեխանիզմների գործադրումը», —  Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը:

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Պարենային ապրանքների ակցիզային հարկումը կբերի թանկացման’
Հաջորդ հոդվածը‘«Դուք կփոխեի՞ք Ձեր բոլոր ֆիլմերը մեկ շիշ գարեջրի հետ». Հրաչ Քեշիշյանի հետ ասուլիսը չկայացավ’