‘Մոսկվան Սարգսյանի «արցունքներին» չի հավատում. Դարձյալ չեն ընդունում’

2048

Բաղրամյան 26-ի «անկախ լրատվամիջոցները, վստահելի աղբյուրները և քաղաքագետները» Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցից անմիջապես հետո սկսեցին թմբկահարել, թե մոտ օրերս Սերժ Սարգսյանը Պուտինի հրավերով մեկնելու է Մոսկվա: Նշվում էին տարբեր ժամկետներ. սկզբում՝ օգոստոսի 15, հետո՝ օգոստոսի 25, հիմա էլ՝ սեպտեմբերի 3:

Այցի գաղափարը շրջանառության մեջ դնելը ուներ երկու մոտիվացիա: Նախ՝ մեղմել հայաստանյան հասարակության մեջ ուժգնացող տագնապը՝ ռուս-հայկական վատթացող հարաբերությունների շուրջ, և երկրորդ՝ Ս. Սարգսյանն իսկապես հանդիպում էր խնդրել Պուտինից, վերջինս էլ չէր շտապում տալ իր համաձայնությունը:

«Ստորացում մինչև վերջ» ծրագրի շրջանակներում Մոսկվան չի շտապում հետաքրքրության նշաններ ցույց տալ Ս. Սարգսյանի նկատմամբ: Բայց սա երկու անձերի խնդիր չէ: Իրականում, ստորացվում է Հայաստանի Հանրապետությունը: Եւ հանուն ճշմարտության պետք է ընդունել, որ Ռուսաստանը գործում է հստակ իր շահերին համապատասխան, և ստեղծված իրավիճակի ամբողջական մեղավորությունն ընկնում է Սերժ Սարգսյանի վրա:

Այս պարագայում շատ դժվար է պատկերացնել, թե ինչ օրակարգով, ինչ առաջարկներով է Ս. Սարգսյանը մեկնում Մոսկվա: Հանդիպումը տեսախցիկների համար այլ բան է, հանդիպման բովանդակությունը և արդյունքները՝ այլ: Ակնհայտ ձախողված քաղաքականության  և ակնհայտ սխալ քայլերի պատճառով, Հայաստանը հայտնվել է մի վիճակում, երբ Ռուսաստանին առաջարկելու որևէ գաղափար չունի: Ավելին՝ Հայաստանը նույնիսկ զիջելու որևէ  քայլ, կամ քայլերի համակարգ չունի: Ռուսները կցուցաբերեն լիակատար անտարբերություն և որևէ արժեցող գին չեն վճարի այդ զիջումների համար:

Սեփական երկրի անվտանգության հիմնական գործընկեր պետության հետ հարաբերությունները փակուղի հասցնելը կարող է շատ ծանր նստել Հայաստանի համար: Սա տեսական մոտեցում չէ: Սա չափազանց իրական, հողեղեն գաղափար է, որի արդյունքները Հայաստանը և հայ ժողովուրդը կարող է տեսնել առաջիկա ամիսների ընթացքում: Այս պայմաններում , շատ կարևոր է, որ հայաստանյան  հիմնական քաղաքական ուժերը և երկրի հիմնական  ազդեցիկ դեմքերը, ովքեր ունեն նաև պատմական դերակատարում և պատասխանատվություն Հայաստանի առաջ՝ հստակ ձևակերպեն իրենց տեսկետները և մտահոգությունները:

Հ. Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ մոսկովյան մեր աղբյուրներից տեղեկատվություն ստացվեց, որ Ս. Սարգսյանի սեպտեմբերի 3-ի այցը Մոսկվա դարձյալ հետաձգվում է: Դարձյալ չեն ընդունում:

Մկրտիչ Սարգսյան 

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ ատիվիստների դատավարություն (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Խզմալյան. Ոստիկանությունը ձերբակալություններ է պատրաստում’